ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

21-06-2018 14:39:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր աշխատանքային օրը չի սկսվում ու երբեք չի ավարտվում: Ավելին, նվիրվելով մարդկանց առողջության պահպանման սուրբ գործին՝ դուք ձեր պարտքը սկսում եք կատարել դեռ մինչեւ փոքրիկի լույս աշխարհ գալը եւ դառնում մարդկային յուրաքանչյուր կյանքի ուշադիր ու հոգատար ուղեկիցը:
 
Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է ո՛չ միայն հարուստ գիտելիքներն ու բարձր արհեստավարժությունը, այլեւ գթասրտությունն ու համբերատարությունը: Ձեր առաքելության հաջող իրականացմամբ են պայմանավորված առողջ ապրելակերպի արմատավորումը եւ բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը: Դրանք պետության սոցիալական քաղաքականության գերակայություն ու հասարակության կայուն զարգացման նախապայման են, որոնց կյանքի կոչելու համար մենք ունենք օրենսդրական անհրաժեշտ գործիքակազմ: Վստահ եմ, որ այն, զուգորդվելով ձեր նվիրված աշխատանքի հետ, թույլ կտա ունենալ Հայաստանին արժանի առողջապահական համակարգ եւ համաքայլ ընթանալ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներին:
Անկեղծ շնորհակալության ու երախտիքի խոսք եմ ուղղում բոլորիդ` ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար: Ցանկանում եմ, որ միշտ արժանի լինեք ձեր բարձր կոչմանը:
Կրկին շնորհավորելով Բուժաշխատողի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 115 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...