Սուրեն Պապիկյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

20-06-2018 18:08:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային։  
 

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ շատ բարձր է գնահատում հայ-ճապոնական գործընկերային հարաբերությունները, որի վկայությունն են հանդիսանում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող մի շարք աջակցության ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել տնտեսության, տարածքների համաչափ զարգացման, աղետների կանխարգելման ոլորտներում Ճապոնիայի թռիչքային և առաջանցիկ զարգացման փորձը և հավելել, որ Հայաստանի համար դրանք ունեն փորձագիտական նշանակություն։ «Կարծում եմ,  Ճապոնիայի ունեցած փորձը հնարավորություն կտա և կօգնի մեզ ավելի ճիշտ գնահատել ու օգտագործել մեր ունեցած ռեսուրսներն ու հնարավորությունները»,- ասել է նախարարը: 
 
Դեսպան Ջուն Յամադան  շնորհակալություն հայտնելով նախարար Պապիկյանին ընդունելության համար և շնորհավորելով նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ`  ընդգծել է, որ տարածաշրջանների միջև զարգացման տարբերությունների հարթեցումը, բնական աղետների դեմ պայքարը երկու պետությունների համար էլ հանդիսանում են առաջնահերթություն։ Դեսպանը վստահեցրել է, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է կիսվել այս ոլորտներում իր արձանագրած հաջողությունների փորձով։Կարևորելով խոշոր քաղաքների և հարևան վարչատարածքային միավորների համաչափ զարգացման ճապոնական հարուստ և բազմադարյա փորձը և այդ ոլորտում անցկացնելով համեմատական զուգահեռներ՝   նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա գործընկերային և կառուցողական հարաբերություններն  առաջիկայում համագործակցության նոր եզրեր կուրվագծեն։ 
     
Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների տնտեսական կարողությունների զարգացման, բնական արհավիրքների կանխարգելման և ռիսկերի կառավարմանն ուղղված մի շարք հարցեր։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 229 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար