Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի պատգամավորների

20-06-2018 17:16:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը:
Երկկողմ միջպետական հարաբերություններում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմիններում ձեւավորված բարեկամական խմբերի դերը:
 

Կարեւորելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Հայաստանում` Արա Բաբլոյանը նշել է, որ այն լրացուցիչ հարթակ է հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման համար:
Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կաջակցեն ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Եվրոպական մյուս երկրների խորհրդարաններում համաձայնագիրը վավերացնելու գործում:
Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման գործում, նշել է. «Շնորհակալ ենք Ֆրանսիային այս հակամարտությանը խաղաղ լուծում տալուն ուղղված ջանքերի համար: Ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել»: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ֆրանսիացի պատգամավորների այցերն Արցախ` հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու եւ ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսվելու տեսանկյունից:
Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զար?ացումներին, ընդգծել է. «Մեզ համար կարեւոր է Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, տնտեսության շարունակական զարգացումը, բնակչության բարեկեցության ապահովումը եւ ժողովրդավարության առավել զարգացումն ու ամրապնդումը»:
Ժակ Մարիլոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին է փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի ջերմ ողջույնները:
Պատվիրակության ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ ուղղված հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը:
Ֆրանսիացի պատգամավորը, անդրադառնալով աշնանը Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը, նշել է, որ այն լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնելու տեսանկյունից:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների գործունեությանը, կարեւորել երկկողմ փոխայցերը, հայ-ֆրանսիական կապերի խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես` տնտեսության բնագավառում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 281 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար