Կալանավորված Արթուր Ասատրյանը հովանավորել է «Հայաստանի Հանարապետություն» պատմական 11-հատորանոց հանրագիտարանը և արժանացել պարգևի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



19-06-2018 19:43:07   | Հայաստան  |  Հասարակություն
 


Այսօր կալանավորված քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ նույն ինքը Դոն Պիպոն, Եվրոպայի անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի փաստավավերագրության միջազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել է պատվո շքանշանով միջազգային մասշտաբով բարեգործություն կատարելու համար: 
 
Այս մասին հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ-ում Եվրոպայի անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի փաստավավերագրության միջազգային ակադեմիաների նախագահ, ակադեմիկոս, պատվավոր դոկտոր-պրոֆեսոր Սամվել Հակոբյանը: 
 
Ըստ նրա՝ վերոնշյալ պարգևին արժանանում են տարբեր երկրների ղեկավարներ, գիտնականներ, քաղաքական և պետական գործիչներ, ովքեր մեծ վաստակ ունեն սեփական ժողովրդի առջև: 
 
«Արթուր Ասատրյանին պարգևատրելու որոշումը կայացվել է երեկ, առայժմ չենք հանձնել այն: Այս պարգևին աշխարհում արժանացել է յոթ հոգի, որոնցից մեկը Հռոմի Պապն է, և այսօր Հայաստանում պարգևատրվել է նաև Ցվետանա Պասկալևան»,- նշեց Ս. Հակոբյանը: 
 
Վերջինս, անդրադառնալով «Հայաստանի Հանարապետություն» պատմական 11-հատորանոց հանրագիտարանին, նկատեց, որ այն հանդիսանում է Հայաստանի մշակութային ժառանգության անձնագիրը, որն ընդգրկում է բոլոր 11 մարզերն ամբողջ բնակավայրերով, և Արցախի ու Արևմտյան Հայաստանի համառոտ պատմությունը: 
 
Ս. Հակոբյանի խոսքերով՝ հանրագիտարանի վրա աշխատել է շուրջ 30 տարի և անձամբ է հավաքել գրքում զետեղված բոլոր հուշարձանների լուսանկարները: 
 
2000 օրինակով տպագրված գրքի հայերեն տարբերակը վաճառքի ենթակա չէ, այն նվիրվում է կրթական ու մշակութային կենտրոններին, արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ նպատակը՝ հայկական մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումն է:  
 
Հանրագիտարանի հեղինակի փոխանցմամբ՝  գրքի անգլերեն և ռուսերեն լեզուներով տարբերակի տպագրությունը կազմակերպելու համար դիմել է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ազգությամբ բազմաթիվ հայ միլիոնատերերի, սակայն ոչ մի անգամ արձագանք չի ստացել: 
 
«Ինչու ազգությամբ հայ միլիոնատերերին, որովհետև այս գրքի հայերեն տարբերակը տպագրվել է ազգությամբ ռուս մի ծանոթ անձնավորության միջոցներով: Այս թանկարժեք տպագրությունը ֆինանսավորվեց իմ բարեկամ Ալեքսանդր Նովոպաշինի կողմից»,- ընդգծեց Ս. Հակոբյանը: 
 
Նրա փոխանցմամբ՝ բոլորովին վերջերս տեղեկանալով Արթուր Ասատրյանի՝ տարբեր երկրներում կատարած բարեգործությունների մասին, դիմել է նրան և անմիջապես ստացել դրական պատասխան: 
 
Նախատեսվում է «Հայաստանի Հանարապետություն» պատմական 11-հատորանոց հանրագիտարանի անգլերեն և ռուսերեն տարբերակները ևս տպագրել 2000 օրինակով, դրանք հետագայում ավելացնելու պայմանավորվածությամբ: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 34774 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար