Այսօր խնդիր ունենք մաքրել եկեղեցին Աթեշյանից և նրա նմաններից. Արագած Ախոյան ՏԵՍԱՆՅՈՒԹ



26-05-2018 14:36:39   | Հայաստան  |  Հասարակություն
 

Այսօր խնդիր ունենք մաքրել եկեղեցին Աթեշյանից և նրա նմաններից: 
 
Նման հայտարարությամբ մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ,  «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանը: 
 
Ըստ նրա՝ պատմության ողջ ընթացքում ժողովրդի համար օրհասական և ծանր պահերին հայ եկեղեցին՝ հոգևոր դասի գլխավորությամբ եղել է ժողովրդի կողքին, մինչդեռ ներկայումս ճիշտ հակառակն է: 
 
«Փաստորեն սրանց վարքագծով, խոսքս վերաբերում է արդեն բոլորին, մարդկանց հոգիները դատարկվում են, այլ բարքեր են ներթափանցում»,- նկատեց Ա. Ախոյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ հասարակության շրջանում թյուր կարծիք կա, թե իրենք պայքարում են եկեղեցու դեմ, ինչը չի համապատասխանում իրականությանը: 
 
Անդրադառնալով այս օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, որին մասնակցում է նաև Արամ Աթեշյանը, բանախոսը փաստեց, որ հերթական անգամ Մայր Աթոռը «ջայլամի քաղաքականություն» է վարում: 
 
Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կոնֆլիկտ կա իր և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև, Ա. Ախոյանն ընդգծեց, որ իր խնդիրը ընդհանուր անձնակազմի հետ է՝ սկսած որոշ սրբազաններից վերջացրած տնտեսական բաժնի նրա գնահատմամբ՝ «գիշատիչ» հաշվապահով: 
 
«Այո՛, ունենք խնդիր, և այդ խնդիրը լուծվելու է միայն դատական ճանապարհով, հիմա թղթերն են նախապատրաստվում: Գնալու ենք ընդհուպ մինչև Եվրոդատարան»,- տեղեկացրեց «Վերադարձ» հիմնադրամի նախագահը: 
 
Խոսելով Պոլսո պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ պոլսահայ երգիչ Պողոս Եղիազարը փաստեց, որ բազմահազարանոց պոլսահայ համայնքը շատ լավ տեղեկացված է Ա. Աթեշյանի ապօրինի գործողություններին: 
 
Նրա տեղեկացմամբ՝ Ա. Աթեշյանը ստի մի հսկայական կծիկ է հորինել, որով խաբում է նաև թուրքական իծխանություններին: 
 
Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ բոլորովին էլ պատահական չէ, երբ իր բնորոշմամբ՝ Գարեգին մերժվածն ընդունում է Աթեշյան մերժվածին: 
 
«Մենք ունենք մերժված կաթողիկոս, ունենք այսպես ասած մերժված տեղապահ, և այս հարցը բարձրացնում ենք նրա համար, որպեսզի ի վերջո այս երևույթների վերջը տրվի, այլապես ինչպես քաղաքական իշխանությունների պարագայում ստիպված կլինեն քայլ կատարել»,- ընդգծեց նա:  
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 8750 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար