Գործարկվել է փորձագիտական զեկույցների համաեվրոպական բազան

24-05-2018 16:27:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գործարկվել է բուհերի արտաքին գնահատման (փորձագիտական) զեկույցների բազան (DECAR), որը կոչված է ապահովելու բարձրագույն կրթության որակի ապահովման և կառավարման թափանցիկությունը եվրոպական կրթական տարածքում:
 


Համաեվրոպական փորձագիտական բազայում կհրապարակվեն նաև հայաստանյան բուհերի վերաբերյալ զեկույցները: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), որպես Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում ընդգրկված գործակալություն, DECAR-ում կհրապարակի իր կողմից իրականացված արտաքին գնահատումների և հավատարմագրումների վերաբերյալ փորձագիտական զեկույցները:
 
DECAR-ը (http://www.deqar.eu/) ոլորտի շահակիցների լայն շրջանակին հասանելի է դարձնում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR) ընդգրկված գործակալությունների կողմից հավատարմագրմած ուսումնական հաստատությունների վերաբերյալ զեկույցները: EQAR-ը նախաձեռնել է տվյալների նման բազայի ստեղծումը,   երբ 2016-ին իրականացված սոցիալական հարցումներով պարզվել է, որ ոլորտի շահակիցները դժվարություններ են ունենում՝ հատկապես օտարերկրյա բուհերի վերաբերյալ ինֆորմացիա որոնելիս:
 
«Տվյալների բազայի ստեղծումը  կարևոր փուլ  է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում թափանցիկության բարելավման ճանապարհին: DECAR-ի մշակումն ու գործարկումը EQAR-ի 10-ամյակը խորհրդանշող  ուշագրավ քայլ է»,- հարթակը ներկայացնելիս ասել է  EQAR-ի նախագահ Կարլ Դիտրիխը:
 
Ներկայում տվյալների բազայում ընդգրկված է ավելի  քան 400 բուհի մասին ինֆորմացիա:  Տվյալների բազայի համալրումը շարունակական բնույթ է կրելու:
 
Առաջիկա ամիսների ընթացքում, հիմնվելով շահակիցների կարծիքների և արձագանքի վրա, տվյալների բազան կբարելավվի: Տվյալների բազայի վերջնական տարբերակը կգործարկվի 2018-ի հոկտեմբերին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից