Ինձ համար իդեալական տարբերակ կլինի համաքաղաքային նոր ընտրությունները. Ալեն Սիմոնյան.armtimes.com

24-05-2018 12:11:20   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
armtimes.com ԱԺ նորաթուխ պատգամավոր եւ միաժամանակ Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն առաջիկա յոթ օրերին կշարունակի այս կարգավիճակում մնալ: Նա, որպես պատգամավոր, առաջին անգամ խորհրդարան մտավ մայիսի 22-ին, բայց հենց նույն օրը երեկոյան հայտարարեց, որ դիմում է գրել ԱԺ նախագահին՝ մանդատից հրաժարվելու համար:
 


«Արել եմ այս քայլը հանուն Երեւանի, հանուն աղավաղված շենքերի, որոնք մենք ունենք, հանուն անօրինական ձեւակերպումներ ստացած սեփականաշնորհված մանկապարտեզների, նկուղների, հանուն հատված ծառերի, հանուն այն բանի, որ Երեւանի քաղաքապետարանում եւ ընդհանրապես տեղ չպետք է ունենա կանանց նկատմամբ բռնությունը, հանուն լավ, հանուն մաքուր, հանուն սիրո, հանուն ազատ Երեւանի, որը մենք բոլորս շատ ենք սիրում»,- մասնավորապես, այսպես էր մեկնաբանել պատգամավորական մանդատից հրաժարվելու իր քայլը Սիմոնյանը՝ ֆեյսուքյան իր էջի միջոցով:
 
Արդեն խորհրդարանում ՀԺ-ի հետ զրույցում Սիմոնյանն անդրադառնալով իր այս քայլին նշեց, թե տեղեկություններ է ստացել, որ Տարոն Մարգարյանը ցանկանում է իրեն պատգամավորական մանդատից զրկել՝ չպահպանելով օրենքով սահմանված կարգը: Այս գործընթացը պետք է իրականացվի մանդատից հրաժարվելու դիմումից 7 օր հետո:
 
«Կա տեղեկություն, որ անկախ նրանից՝ ես պատգամավորական մանդատս վայր կդնեի, թե՝ չէ, Տարոն Մարգարյանը դիմելու է ԿԸՀ-ին, որ ինձ զրկեն ավագանու մանդատից: Ես իմ այս քայլով անելու եմ ամեն ինչ, որ այդ քայլը թույլ չտամ: Այս քայլով խոչընդոտում եմ այն՝ ինչը տեղի է ունենում Երեւանում»,- ասաց Սիմոնյանը:
 
Դիտարկմանը՝ պատգամավոր դառնալով, արդեն իսկ ավագանու անդամ չէ, նա նշեց, որ կախված քաղաքական իրողություններից՝ պարզ կլինի, թե որտեղ է շարունակելու իր գործունեությունը:
 
«Կարող է վաղը բողոքի ցույց լինել՝ հերթական ծառահատման հետ կապված»,- ակնարկեց Ալեն Սիմոնյանը:
 
Սիմոնյանը հստակ չի կարողանում ասել՝ շարունակելու է մնալ ավագանու անդա՞մ, թե՞ պատգամավոր: Նա հարցի պատասխանը հղում է անում քաղաքական առաջիկա զարգացումներին: Հետաքրքիր զուգադիպությամբ էլ մայիսի 30-ին Երեւանի ավագանու հերթական նիստն է տեղի ունենալու: Չի բացառվում, որ քաղաքական այնպիսի գործընթացներ տեղի ունենան, որ մինչեւ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տա եւ ստացվի այնպես, որ Ալեն Սիմոնյանն առաջադրվի եւ ընտրվի Երեւանի քաղաքապետ: Սա իրականությանը ինչ-որ չափով մոտ է, քանի որ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով հաճախակի ցույցեր են լինում:
 
Ամեն դեպքում, Ալեն Սիմոնյանը շահող է դուրս գալիս: Եթե նա առաջիկա 7 օրում չկարողանա ընտրվել քաղաքապետ, ապա դեռ ժամանակ ունի չեղարկել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Մեր այս դիտարկումը Սիմոնյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ես չեմ կարող շահող դուրս գալ այս իրավիճակից, եթե Տարոն Մարգարյանը մնաց քաղաքապետ: Այս ամեն ինչը չի եղել, որ ես պահպանեմ իմ մանդատները»:
 
Ալեն Սիմոնյանը չի հերքում, որ Երեւանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի: Նա նշում է, որ քաղաքապետի թեկնածուներից մեկն է եղել եւ ավելին՝ ակնարկում է նոր ընտրությունների մասին:
 
«Ինձ համար իդեալական տարբերակ կլինի նոր համաքաղաքային ընտրությունները, բայց հաշվի առնելով ԱԺ ընտրությունները՝ սա տեխնիկապես դժվար կլինի»:
 
Եթե Սիմոնյանը քաղաքապետ էլ ընտրվի, ապա ավագանիում մեծամասնությունը մնալու է ՀՀԿ-ն: Ալեն Սիմոնյանը այս հարցը անլուծելի չի համարում, խորհրդարանն է մատնանշում, որտեղ եւս ՀՀԿ-ն մեծամասնություն է:
 
«Երեւանի ավագանիում կան ՀՀԿ-ականներ, շատերը հայտնի եւ ոչ քաղաքականացված մարդիկ են: Ես չեմ կարծում, որ իրենց նույնացնում են ՀՀԿ գաղափարախոսության հետ»,- ասաց Սիմոնյանը եւ ընդգծեց, որ այդ անդամների հետ որեւէ քննարկում չի եղել:
 
Ալեն Սիմոնյանի մանդատից հրաժարվելու հայտարարությունից առաջ հետաքրքրիր, բայց ոչ հստակ պահանջով քաղաքական հայտարարություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետեւի այդ հորդորին»,- մասնավորապես, ասել էր վարչապետը՝ անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին: Ալեն Սիմոնյանը, սակայն մեր զրույցում հերքեց, որ որեւէ աղերս կա իր որոշման եւ այս հայտարարության միջեւ:
 
«Որեւիցե կերպ չի նպաստել: Ես սրա մասին խոսել եմ մինչեւ այդ հայտարարությունը եւ խոսելու եմ, եթե ես մնամ Ազգային ժողովում: Մեր քաղաքական կառույցի առավելություններից մեկն էլ այն է, որ մենք գործում ենք մեր սկզբունքների շրջանակում»:
 
ԱԱԾ նորանշանակ պետը, որը ջերմ հարաբերությունների մեջ է Ալեն Սիմոնյանի հետ, մի քանի օր առաջ հայտարարել էր, որ առաջիկայում սկանդալային բացահայտումներ են լինելու: Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք տեղեկություններ ունի, գուցե Տարոն Մարգարյանի մասով էլ է բացահայտում լինելու եւ դրա համար է պատգամավորը մանդատից հրաժարվում, քաղաքապետ դառնալու շանս է ստեղծվել:
 
«Չգիտեմ, ես նման տեղեկություն չունեմ: ԱԱԾ պետի հայտարարություններով չեմ հետաքրքրվում: Ես իմ հայտարարությունը չեմ արել ԱԱԾ պետի, ոստիկանապետի եւ վարչապետի ասածների հիման վրա»,- ասաց նա:
 
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնի ակտիվիստները, ովքեր մասնակցել էին թավշյա հեղափոխությանը, հայտարարեցին. «Երեւանի քաղաքապետի իմ թեկնածուն Ալեն Սիմոնյանը չէ»: Անդրադառնալով այս կարծիքներին՝ Սիմոնյանն ասաց. «Բնական է եւ չի կարող մեկ անձը բոլորի կողմից միեւնույն կարծիքին արժանանալ: Ես ակտիվիստներին խորհուրդ եմ տալիս, որ վաղ է դրա մասին խոսել: Ես ասել եմ՝ կա խնդիր, որ Տարոն Մարգարյանը պետք է հեռանա, չեմ ասել, որ պաշտոնի եմ գնացել: Ակտիվիստներին խորհուրդ եմ տալիս՝ չշտապել»:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 528 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար