Նիկոլ Փաշինյանն արդեն մոտ մեկ շաբաթ է, վարչապետ է, սակայն վարորդների հարստահարման համար ստեղծված «կարմիր գծերը» դեռ վերացված չեն (տեսանյութ)



14-05-2018 21:34:57   | Հայաստան  |  Քաղաքական
 


 
 
 
Որքան էլ անհասկանալի և անհեթեթ է, հայաստանյան կյանքում նախորդ իշխանությունների խայտառակ նորամուծություններից մեկը, որը տեղիք տվեց վարորդների և, ընդհանրապես, հանրության մեծ զայրույթին ու բողոքին, պահպանվում է նաև ներկա իշխանությունների պաշտոնավարման օրոք:
Խոսքը Երևանի շատուշատ փողոցներում ավտոկայանողներին պարտադրված, այսպես կոչված, «կարմիր գծերի», Երևանի փողոցներում կարմիր գծերով առանձնացված վճարովի ավտոկայանատեղերի ներդրման համար, այնտեղ ավտոկայանելու համար սահմանված տարեկան տեղական վճարի (2018 թվականին 1 ժամվա համար՝ 100 դրամ, մեկ օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, տարվա համար՝ 12000 դրամ), հիշյալ գծերի տիրույթում սահմանված ժամանակից (15 րոպե) ավելի կայանելու և վերոնշյալ վճարը վճարած չլինելու դեպքում կիրառվող բավական մեծ տուգանքների, դրանց վճարումն ուշացնելու դեպքում կիրառվող տույժերի մասին է:
Թերևս բոլորին էլ ակնհայտ ու հասկանալի է, որ «կարմիր գծերի» կիրառումը, ի տարբերություն արագաչափերի և տեսախցիկների կիրառման, հետապնդում է ոչ թե երթևեկության կարգավորման, վթարների ու վրաերթերի նվազեցման, այլ «Փարքինգ Սիթի» ընկերությանը, դրա տերերին գերշահույթներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համար բավական լուրջ ֆինանսական հոսքեր ապահովելու նպատակ: Ակնհայտ է նաև վարորդների, ըստ էության, նաև նրանց ընտանիքների անդամների հարստահարման գործիք հանդիսացող «կարմիր գծերը» ժամ կամ օր առաջ վերացնելու հրամայական անհրաժեշտությունը: Թվում էր, թե ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո հիշյալ խնդրի լուծումը շատ արագ իր լուծումն է ստանալու, սակայն, որքան էլ անհասկանալի և անհեթեթ է, իշխանափոխության այդ խերը ժողովուրդը դեռ չի տեսել:
Հավանաբար բոլորն են հիշում ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ ընտրվելուց առաջ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը և հատկապես ելույթի այն հատվածը, որը վերաբերվում է հենց «կարմիր գծերին» (վճարովի ավտոկայանատեղիներին), համենայն դեպս, եթե ոմանք մոռացել են, մեջբերենք Նիկոլ Փաշինյանի ելույթի համապատասխան հատվածը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի բնականոն զարգացումն ապահովելու իմաստով չափազանց կարևոր եմ համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդու տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Նախկինում նշել եմ արդեն, որ երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե մարդու գործառույթը Հայաստանի Հանրապետությունում ոչ թե ապրելը, ստեղծագործելն ու երջանիկ լինելն է, այլ տուգանվելը, տուգանվելը, ապա նորից տուգանվելը, հետո նորից տուգանվելը՝ տուգանքը ժամանակին չվճարելու համար:
Արատավոր այս երևույթը տարածված է մի քանի ոլորտներում, բայց հատկապես զգալի է երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեության դաշտում: Ոչ ոք չի կարող նսեմացնել երթևեկությանն անվտանգությունն ապահովելու խնդրի կարևորությունը: Բայց համաձայնեք, դա չի կարելի անել մարդկանց քաղաքացիական արժանապատվության, ինքնազգացողության, երկրի մթնոլորտը խաթարելու հաշվին: Երթևեկության կանոնների, ավտոկայանատեղիների հետ կապված Հայաստանի քաղաքացիներին տարեկան միլիոնավոր տուգանքներ են նշանակվում, ինչից կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ապրում են բացառապես օրինախախտներ, ովքեր ոչ մի բանով ավելի հաճույքով չեն զբաղվում, քան օրենքները խախտելով: Այս աբսուրդ իրավիճակը ոչ միայն չի նպաստում երթևեկության կարգապահության պահպանմանը, այլև ուղղակիորեն հարվածում է քաղաքացիների գրպանին, նրանց ինքնազգացողությանն ու տրամադրությանը:
Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Եվ նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը: Իսկ այն դեպքերում, երբ այնուամենայնիվ բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, դրանք ոչ միայն իրենց չափով, այլև իրենց հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին և ընդհանրապես տրամաբանությանը:
Այս մոտեցումն անհրաժեշտ է որդեգրել ոչ միայն երթևեկության անվտանգության, ավտոկայանատեղիների, այլև ընդհանրապես բոլոր ոլորտներում»:
Ընդգծում ենք ՀՀ վարչապետի թեկնածուի (ներկայիս վարչապետի) ասածը՝ «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ»: Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը չպետք է բառացի ընկալել, ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո նա թերևս չէր հասցնի 1 ժամում համապատասխան որոշում ընդունել (եթե խնդրի լուծումն իր իրավասության շրջանակում է) կամ համապատասխան որոշում ընդունելու հանձնարարական կամ կարգադրություն տալ Երևանի քաղաքապետին: Սակայն, պարոն Փաշինյանի վարչապետ ընտրվելուց (մայիսի 8) անցել է արդեն գրեթե մեկ շաբաթ, վարորդները տարակուսած են և անհամբեր սպասում են «կարմիր գծերի» վերացմանը, այդ նպատակով վարչապետի համապատասխան քայլին, քանի որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծես մտադիր չէ իր կամքով վերացնել Երևանում ներդրված վճարովի ավտոկայանատեղիները:
Ինչ վերաբերվում է արագաչափերի և տեսախցիկների գործածությանը, ապա դա մեկ այլ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք համապատասխան վերլուծականով: Հուսանք, որ այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ասածը («Ոչ ոք չի կարող նսեմացնել երթևեկությանն անվտանգությունն ապահովելու խնդրի կարևորությունը…») չունի սոսկ դեկլարատիվ, ձևական բնույթ, ու հետևաբար այս հարցում նա զերծ կմնա ամբոխահաճո, ամբոխավարական, իր համար էժանագին ժողովրդականություն ապահովող քայլերից: Սա, իհարկե, չի նշանակում, թե տեսախցիկների գործածության, դրանցով կատարվող արձանագրումների, վարորդներին տուգանելու հարցերում չկան խնդիրներ ու դրանք չպետք է լուծել: Պարզապես անհրաժեշտ է խուսափել ծայրահեղական մոտեցումներից:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 30210 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար