Սյունիքի մարզպետը Հայաստանում ծավալված քաղաքացիական շարժումը որակել է որպես հոգեկան հիվանդների շարժում

Լեռնիկ Պետրոսյանը նոկաուտի ենթարկեց Սյունիքի մարզպետին

27-04-2018 15:59:30   | Սյունիքի մարզ  |  Հոդվածներ
 


Ապրիլի 26-ին` ժամը 12-ի սահմաններում, Կապանի ինստիտուտ է այցելել Վահե Հակոբյանը եւ հանդիպել ուսանողների, ինչպես եւ դասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչների հետ. մասնակցում էին մոտ 90 հոգի:
Հանդիպման նպատակն էր ուսանողներին եւ դասախոսներին մեկնաբանել Հայաստանում ծավալված քաղաքացիական շարժման անիմաստությունը, որը, ըստ մարզպետի, հոգեկան հիվանդների շարժում է: Եվ որպես օրինակ նշեց Զարուհի Փոստանջյանի անունը, ում օրեր առաջ Երեւանում ցուցարարները միկրոֆոն չտրամադրեցին նույնիսկ:
 
Նա նորից թվեր հրապարակեց՝ մեր թվացյալ տնտեսական աճի մասին եւ փորձեց համոզել, որ երկիրը վերելք է ապրել, իսկ Սյունիքը զարգանում է աննախադեպ տեմպերով՝ ունենալով ամենաբարձր ցուցանիշները Հայաստանի Հանրապետությունում:
Ուսանողների կողմից բազմաթիվ հարցեր հնչեցին, որոնց նա պատասխանեց իր պատկերացումների եւ գիտելիքների չափով:
Ամեն ինչ ընթանում էր խաղաղ: Սակայն հարցուպատասխանից հետո դահլիճ մտավ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ով մոտ հինգ տարի ղեկավարել է ուսումնական այդ հաստատությունը, ով կրթական գործի համբավավոր կազմակերպիչ է ոչ միայն Սյունիքում:
Լեռնիկ Պետրոսյանը տեղից ելույթ ունեցավ՝ մասնավորապես նշելով. «Պարոն մարզպետ, ինչո՞ւ եք մարդկանց խաբում եւ թյուրիմացության մեջ գցում: Մենք ունենք 7 մլրդ արտաքին պարտք, վերջին տասը տարում 300 հազարից ավելի մարդ է արտագաղթել երկրից: 
Ինչ վերաբերում է ձեր սյունիքյան գործունեությանը, վաղուց ժողովուրդը չի հավատում ձեզ, եւ դուք հավատ չեք ներշնչում որեւէ մեկին:
Դուք եկել եք Սյունիքը թալանելու, մեր դարավոր արժեքները փչացնելու, Քաջարանի կոմբինատի միջոցները մսխելու: Քաջարանում ստեղծել եք ստրկատիրական կարգեր՝ երբեմնի փառապանծ ու հպարտ Քաջարանը դարձնելով ստրուկների եւ ճորտերի քաղաք:
Նայեք ձեր վարած կադրային քաղաքականությանը. հիմնական պաշտոններում նշանակել եք ոչ տեղացիների, եւ հրավիրված կադրերին մի քանի անգամ բարձր աշխատավարձ եք վճարում, քան տեղացի մասնագետներին: 
Դուք տապալել եք մարզի հանրակրթական համակարգը, պրոֆեսիոնալներին հեռացրել եք զբաղեցրած պաշտոններից՝ փոխարենը նշանակելով դիլետանտների ու կասկածելի վարքագիծ ունեցողների:
Նույն կերպ եք վարվել Կապանի ինստիտուտի հետ:
Դուք երբեւէ շփվե՞լ եք մարզի բնակիչների հետ: Քանի՞ գյուղում եք եղել, գոնե գիտե՞ք մեր գյուղերի տեղը, մեկուկես տարում գյուղաբնակներից քանիսի՞ հոգսն եք թեթեւացրել:
Դուք հաշվե՞լ եք, թե քանի մարդու դեմ եք «գործ տվել», քանի հոգու դեմ եք քրեական գործեր շինելու պատվեր տվել: Ո՞նց եք այդքան ստորություններից հետո ձեզ մարդ զգում: 
Ձեր երթուղին ընդամենը հետեւյալն է՝ Երեւանից ուղղաթիռով թռչում եք Կապանի օդակայան, այնտեղից՝ մարզպետարան, մարզպետարանից՝ պրոֆիլակտորիա եւ հակառակը: 
Իսկ աշխատանքի գալու դեպքում էլ շփվում եք բացառապես գործակալների, գործ տվողների եւ ոչ տեղացիների հետ:
Դուք միլիարդներ եք թալանել Սյունիքի մարզից ու դրանից գրոշներ եք շպրտում ուսանողներին՝ իբրեւ կրթաթոշակ կամ ուսման վարձ՝ փորձելով թոզ փչել մարդկանց աչքերին, փորձելով վաստակել նրանց կողմից ձեր հանցավոր գործունեության հանդուրժումը:
Հարգելի ուսանողներ, ո՞վ է սա, ում դուք լսում եք: Իր բոլոր խոսքերը դատարկաբանություն են եւ ստախոսություն: Մերժեք այս մարդուն եւ դուրս հրավիրեք նրան դահլիճից:
Կորեք այստեղից, հեռացեք Սյունիքից…»:
- Դուք ձեր չափն անցնում եք, - անսպասելի իրավիճակում հայտնված եւ շփոթված մարզպետը փորձեց ինքնապաշտպանվել:
Իսկ Լեռնիկ Պետրոսյանը հակադարձեց՝ «Նույնիսկ քիչ եմ ասում, հեռացեք…»:
Բանավեճին փորձեց միջամտել մարզպետի թիկնապահներից մեկը (չորս թիկնապահից երկուսը դահլիճի մուտքն էին հսկում, երկուսը՝ ներսում էին), բայց Լեռնիկ Պետրոսյանը նրան սաստեց ու տեղը դրեց:
Այդ ամենից հետո Լեռնիկ Պետրոսյանը դուրս եկավ դահլիճից: Քիչ անց դահլիճից դուրս եկավ նաեւ մարզպետը՝ թիկնապահների հսկողությամբ: Ուսանողներն էլ, այդ ամենից հետո, հայտարարեցին դասադուլ եւ ոգեւորված դուրս եկան փողոց…
 
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 23167 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար