Սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ. ՀՀ նախագահ

25-04-2018 11:05:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ.
 


«Սիրելի հայրենակիցներ,
 
Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսևորելով ազգային համերաշխության և միասնության օրինակ:
 
Այսօր նույնպես, առավել քան երբևէ, մենք պետք է լինենք միասնական և համախումբ:
 
Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել:
 
Այդ իմաստով չափազանց կարևոր է կողմերի միջև երկխոսության մեկնարկը: Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանի հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին:
 
Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են:
 
Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջև:
 
Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները:
 
Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները», - ասված  է հայտարարության մեջ: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից