Ներեցեք ինձ իրատեսությամբ պայմանավորված վատատեսության համար, Աստված բոլորիս պահապան, աղոթենք, գուցե հիմա միայն դա օգնի (տեսանյութեր)



23-04-2018 14:44:33   | Հայաստան  |  Քաղաքական
 

 
 
 
ՀՀ իշխանություններն ինչպես իրենց գործունեության ամբողջ ընթացքում, այնպես էլ այս օրերին ապացուցեցին, որ, ցավոք, զուրկ են իրատեսությունից, առանց որի, հնարավոր չէ կառավարել երկիրը, իսկ իրավիճակի մասին սխալ տեղեկատվությամբ, կեղծիքով, արհեստական և ուժային մեթոդներով կառավարումը հանգեցնելու է նրան, ինչին արդեն հանգեցրել է: Բոլորովին այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը, շարժումն առաջնորդող այլ անձինք, միգուցե նաև ինչ-որ մի ուժ, որը կանգնած է նրանց ետևում, փորձեցին օգտվել և առայժմ հաջողությամբ օգտվում են երկրում ստեղծված իրավիճակից, սակայն այս իրողությունը չի հերքում վերոնշյալ ճշմարտությունը:
Իշխանությունները ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, այնպես էլ դրանից հետո առաջնորդվեցին վանոյական «Մեր դեմ խաղ չկա» տխրահռչակ սկզբունքով, որի կամ հղփացածության վերջը սա էր լինելու: Նրանք անտեսեցին շատուշատ բաներ ու, թերևս, ամենաառաջինը` այն, որ գործ ունեն հայ ժողովրդի հետ, որն աշխարհում թեև ծով համբերություն ունի, բարի ու խաղաղասեր է, բայց ամենաառաջինն է անարդարությունը չհանդուրժելու և արդարությանը ծարավ լինելու հարցում: Սա հայի քրիստոնեական արժեհամակարգի, ավանդույթի, թերևս նաև գեների մեջ է նստած: Նրանք ժողովրդի համբերությունը շփոթեցին խեղճության, անճարության, կամազուրկ, հոգով ճորտ կամ ստրուկ լինելու, կներեք, գուցե նույնիսկ ապուշության կամ էշության հետ:
Դանակը ոսկորին հասցրեցին, թափեցին ժողովրդի համբերության բաժակը, անտեսեցին երկիրն ավերող, դատաիրավական համակարգում և, ընդհանրապես, գրեթե ամենուր առկա կոռուպցիան և անարդարությունը, դրանց ու դատական համակարգի սանձարձակության վերաբերյալ ԶԼՄ-ների փաստարկված հրապարակումները, առանձին արտոնյալների ու զորեղների կողմից դատարանով և «օրենքով» իրականացվող ռեկետը գործարարների և ներդրողների նկատմամբ (օրինակ` Մանվել Տեր-Առաքելյանի, Ալեքսեյ Կորեպանովի և այլոց), երկրում գնալով աճող սոցիալական բևեռացումը և ահավոր աղքատությունը, հանքային և այլ հարստությունների յուրօրինակ թալանը, մարդկանց առողջությանը ու բնությանը շարունակաբար պատճառվող վնասը, հարկային ու մաքսային համակարգերի անօրինությունները, առողջապահության համակարգի և բնակչության առողջության խայտառակ վիճակը, փողոցային կարմիր գծերի միջոցով իրականացվող գրեթե ողջ բնակչության հարստահարումը, մարդկանց իրավունքների խախտումները, որպես այս ամենի և էլի շատ ուրիշ բաների հետևանք, շարունակվող ու չկասեցվող, ՀՀ ազգային անվտանգության համար լրջագույն սպառնալիք դարձած արտագաղթը:
Իշխանություններն անտեսեցին նաև Հանրային հեռուստաընկերության գործունեությունը և անգործությունը, ընդհանրապես, հեռուստատեսության գործունեությունը: Անտեսեցին նաև աղանդների, հատկապես ընդհատակում քաղաքականությամբ զբաղվող աղանդների, արևմտյան ֆինանսավորմամբ ստեղծված ու գործող, հետևողականորեն սուտ և հերյուրանք տարածող ԶԼՄ-ների, բազմաթիվ ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների գործունեությունը, նրանց անդամների համապատասխան թրեյնինգներն ու սեմինարները, այսօրվա օրվան պատրաստելը Արևմուտքում և արևմտյան մասնագետների կողմից` Հայաստանում:
Իրենց բազմաթիվ կուսակիցների և պետական հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների վարքուբարքին, նրանցից ոմանց անօրինություններին ուշադրություն չդարձնելը կամ դրանց շատ ուշացումով արձագանքելը չէր կարող անհետևանք լինել: Ինչ-որ մի մասոնի բավական լուրջ գումարներ վճարելը և սոցիոլոգիական հետազոտություն պատվիրելը, երկրում առկա իրավիճակի մասին նրա կազմակերպությունից, որպես փափուկ բարձ, կեղծ տեղեկություններ ստանալը չէր կարող անհետևանք լինել:
Անձամբ ես չգիտեմ, թե այս իրավիճակն ինչով կավարտվի և երևի որևէ մեկը վստահաբար, 100 տոկոսի ճշտությամբ չի կարող տալ տվյալ հարցի պատասխանը, լուրջ բախման և վերահսկողությունից իրավիճակի դուրս գալու դեպքում բացառված չէ նույնիսկ Արցախի կամ (և) Հայաստանի վրա Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը, հայերիս մի նոր ցեղասպանությունը կամ ցեղասպանության փորձը: Արցախի ՊՆ-ն արդեն իսկ տեղեկատվություն ու տեսանյութ է հրապարակել հայրենիքի սահմանների մոտ թշնամու զինուժի ակտիվ շարժի, ռազմական տեխնիկայի մոտենալու, կուտակումների մասին: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր առավոտյան հեռուստատեսությամբ հավաստել է, որ այդ ամենը իրավիճակը հանդարտեցնելու նպատակով իշխանությունների կողմից սարքված կեղծիք չէ, հորինովի մի բան չէ, այլ իրականություն, որի հետ մեր ազգային անվտանգության հրամայականով պետք է հաշվի նստենք:
Անկախ նրանից, թե ներկայիս շիկացած մթնոլորտն ինչով կհանգուցալուծվի, եթե Աստծո կողմից մի հրաշք չլինի, մենք բոլորս պարտված ենք` շարժումը ճնշելու դեպքում էլ, չճնշելու դեպքում էլ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու դեպքում էլ, Սերժ Սարգսյանի իշխանության մնալու, իր մեծ մեղքը չգիտակցելու, ողջ ժողովրդից  անկեղծորեն ներողություն չխնդրելու, Հայաստանը նախկինի պես սխալ ու մերժելի մեթոդներով ղեկավարելու դեպքում էլ:
Եվ վերջում` ներեցեք ինձ իրատեսությամբ պայմանավորված վատատեսության համար, հասկանում եմ, որ երկու ճամբարների համար, մեղմ ասած, անհաճո բաներ գրեցի, բայց չէի կարող անկեղծ չլինել: Աստված բոլորիս պահապան, աղոթենք, գուցե հիմա միայն դա օգնի: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1039 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար