Մամուլի ազգային ակումբը՝ խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների հանդեպ բռնարարքների բոլոր դեպքերը

23-04-2018 13:44:39   | Հայաստան  |  Հասարակություն
Վերջին օրերին Հայաստանում ծավալվող հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունները, բողոքի լայնածավալ գործողություններն իրենց վրա են բևեռել հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը: Այդ իրադարձությունների անկողմնակալ, հրատապ լուսաբանումը, տեղեկատվության ապահովումը լրագրողների մասնագիտական գործունեության կարևոր սկզբունքներից է:
 


ԶԼՄ-ների՝ ազատության, անկախության, տեղեկատվության իրավունքի իրացումը ժողովրդավարության կայացման կարևոր գրավական է: Հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներ, հավատարիմ մասնագիտական սկզբունքներին, բոլոր ջանքերը ներդնում են՝ այս բարդ պայմաններում կատարելու իրենց մասնագիտական աշխատանքը:
 
Մեծ գնահատանքով ընդգծելով այդ ԶԼՄ-ների աշխատանքը՝ Մամուլի ազգային ակումբը միաժամանակ խիստ մտահոգություն է հայտնում հայաստանյան հեռուստաընկերությունների վարքագծից. հեռուստաընկերությունների բացարձակ մեծամասնությունը հաղորդում է միակողմանի տեղեկատվություն, ներկայացնում միայն կառավարությանն աջակցող տեսակետներ կամ էլ լռում է ընդհանրապես: Մամուլի ազգային ակումբը խիստ մտահոգ է իշխանությունների կողմից հեռուստաեթերի վերահսկմամբ, միակողմանի տեղեկատվության հաղորդմամբ և բազմակարծության բացակայությամբ: Նման իրավիճակը հիշեցնում է ղարաբաղյան շարժման ժամանակ խորհրդային ԶԼՄ-ների վարքագիծը, սակայն Հայաստանում վերադարձը խորհրդային ժամանակներ անհնար է:
 
Մամուլի ազգային կոչ է անում՝
 
  – դադարեցնել հեռուստաեթերի կոշտ գրաքննությունն ու վերահսկողությունը, բացել հեռուստաեթերը բազմակարծության և ազատ տեղեկատվության առջև: Զանգվածային բողոքի այս օրերին բազմաթիվ լրագրողներ ենթարկվել են ծեծի, բռնության, իրավապահները, ոստիկանական ուժերը խոչընդոտել են նրանց աշխատանքը: Մամուլի ազգային ակումբը՝
 
-խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների հանդեպ բռնարարքների բոլոր դեպքերը և իրավապահներից պահանջում է հարգել ԶԼՄ-ների մասնագիտական աշխատանքը և բացառել բռնությունը:   21-դարում ազատությունը և ժողովրդավարությունը միշտ էլ հաղթում են իրենց ճանապարհը, որի կառուցապատողներն են նաև լրագրողները: 
 
  Գիտակցելով հայաստանյան վերջին իրադարձությունների նշանակությունը Հայաստանի հասարակության և պետության համար՝ Մամուլի ազգային ակումբը հայտարարում է՝ -պատմական անհրաժեշտություն է հարգել Հայաստանում իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնող հասարակության անդամների՝ խաղաղ, անզեն ցուցարարների և լրագրողների իրավունքները՝ հանուն ազատ և առաջադեմ Հայաստանի կայացման:
 
23.04.2018թ. 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից