Հավաքի կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները.ոստիկանություն

19-04-2018 12:22:59   | Հայաստան  |  Իրավունք
Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը:
 


Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է  քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը:
 
2018 թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն` շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը:
 
Նույն գործելաոճով ապօրինի հավաքի ղեկավարի գլխավորությամբ և նրա անմիջական ցուցումներով դրա մասնակիցներն այսօր առավոտից կազմակերպված կերպով փակել են ՀՀ կառավարության  մասնաշենքի մուտքը` խոչընդոտելով աշխատակիցների անարգել մուտքն ու ելքը մասնաշենք: Հավաքի կազմակերպիչները և մասնակիցները ոչ միայն շարունակում են չենթարկվել իրենց ապօրինի գործողությունները դադարեցնելու մասին ոստիկանության օրինական պահանջներին, այլև բռնի գործողություններ են կատարում նրանց նկատմամբ:
 
Նման վարքագիծն ակնհայտորեն դուրս է խաղաղ հավաքների բովանդակությունից և ևս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ»  կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները:
 
Ստեղծված իրավիճակում, իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար ոստիկանության ծառայողները ստիպված են վարչական ներգործության միջոցներ  կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ:
 
Բացի այդ  հետևելով  ապօրինի վարքագիծ դրսևորելու մասին հավաքի ղեկավարի կոչերին` դրա մասնակիցները վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, որի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները:
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 483 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար