Կրթական քաղաքացիական նախաձեռնության և «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ դիմումը Լևոն Մկրտչյանին և Վլադիմիր Գասպարյանին

19-04-2018 12:10:49   | Հայաստան  |  Իրավունք
Կրթական քաղաքացիական նախաձեռնության և  «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ դիմումը  
 


ՀՀ կրթության և գիտության նախարարություն Լևոն Մկրտչյանին, 
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia պետ
Վլադիմիր Գասպարյանին, 
UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: 
 
Կոչը բաց է միանալու համար
 
—————
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը, և մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս և անհատներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում երեխաների խաղաղ հավաքների, խոսքի ազատության իրավունքների ոտնահարման և նրանց նկատմամբ բռնության զանգվածային դեպքերի առիթով։ 
 
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում կրթական հաստատություններում աշխատողներին և բոլոր սովորողներին, որոնք գործադուլների և դասադուլների միջոցով իրենց դժգոհությունն են հայտնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ կամ աջակցում են մյուսների՝ վերոնշյալ իրավունքների իրականացմանը։
 
ՀՀ կրթության գիտության նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը հորդորում ենք երեխաների խաղաղ հավաքների ազատության իրավունքը սահմանափակող կոչերի փոխարեն երեխաներին դիտարկել որպես իրավունք կրողներ, հարգել նրանց զարգացող իրավունակությունը (evolving capacities), որևէ կերպ չխոչընդոտել երեխաների կողմից քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունների իրականացմանը, ապահովել կրթական միջավայրերում երեխաների խոսքի ազատության իրավունքի համար նպաստավոր պայմաններ։ 
 
Ակնկալում ենք Հայաստանի երեխաների նկատմամբ իր պատասխանատվությունը ստանձնած ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից հետևել Հայաստանի կառավարության՝ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը և արձագանքել երեխաների նկատմամբ Երևանում և մարզերում տեղի ունեցող բռնության և ազատությունից զրկելու դեպքերին։ 
 
Հիմնվելով Երեխայի իրավունքների կոնվենցիայի և Երեխայի իրավունքների կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունների վրա, կոչ ենք անում
 
ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝
Բացառել կրթական հաստատություններում իրենց բողոքն արտահայտող երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերը, նրանց նկատմամբ հետապնդումները և ճնշումները (այդ թվում՝ ծնողների նկատմամբ և նրանց միջոցով),
 
Ապահովել նպաստավոր միջավայր երեխաների՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար,
 
Հրապարակել երեխաների միավորումների և խաղաղ հավաքների ազատության և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ կրթական հաստատություններում աշխատողների համար՝ հիմնվելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վրա,
 
Ձևավորվել աշխատանքային խումբ կրթական հաստատություններում, այդ թվում՝ բուհերում, երեխաների իրավունքների սահմանափակման և արձանագրված խախտումների դեպքերի արագ արձագանքման, դրանց քննության և մշտադիտարկման համար։
 
ՀՀ Ոստիկանությանը՝
 
Երաշխավորել երեխաների նկատմամբ խտրականության, նրանց արժանապատվությունը նվաստացնող և երեխաների լավագույն շահին հակասող ցանկացած դրսևորման բացառումը քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունների ընթացքում,
 
Երաշխավորել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններին մասնակցող երեխաների և նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, ինչպես նաև ուղեկցող անձանց անվտանգությունն ու ապահովությունը,
 
Բացառել երեխաների նկատմամբ իրենց իրավունքներն իրացնելու համար ոստիկանության կողմից հետապնդումները, ազատությունից զրկման դեպքերը,
Ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելիս պահպանել սահմանված ընթացակարգերը, ապահովել երեխաների տարբեր լինելու նկատմամբ հարգանքի մթնոլորտ, ելնել երեխայի լավագույն շահի, նրանց իրավունքների պաշտպանության հրամայականից՝ ամբողջական տեղեկություն տրամադրելով անձին և իր ծնողին կամ այլ օրինական ներկայացուցիչներին իրենց իրավունքների վերաբերյալ,
 
Հարգել առողջական խնդիրներ ունեցող երեխաների ֆիզիկական և մտավոր անձեռնմխելիությունը, հաշվի առնել նրանց անհատական կարիքները և բոլոր գործընթացներում (այդ թվում՝ բերման ենթարկելիս և ոստիկանության բաժանմունքներում) ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների մատչելիության և խելամիտ հարմարացումների իրավունքները՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի, 
Անձնական տվյալներ մշակելիս հետապնդել օրինական նպատակ, բացառել ոստիկանությանը հայտնի դարձած անձնական տվյալների օգտագործմամբ երեխաների նկատմամբ բռնությունը՝ ճնշումները, ծաղրը, և ապահովել նրանց անձնական տվյալների գաղտնիությունը,
 
Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակին՝
 
Հետևել Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և այլ միջազգային պայմանագրերով (այդ թվում՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով) նախատեսված պարտավորությունների կատարմանը վերջին օրերին տեղի ունեցող խաղաղ հավաքների համատեքստում, 
 
Հանդես գալ հայտարարությամբ՝ դատապարտելով անչափահասներին խաղաղ հավաքներին մասնակցելու, դրանք կազմակերպելու և իրենց կարծքին արտահայտելու համար ՀՀ ոստիկանության գործողությունները, նրանց նկատմամբ ճնշումները, 
 
Հրավիրել ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի և Կարծիքի ազատության և այն ազատ արտահայտելու իրավունքի խրախուսման և պաշտպանության հարցով հատուկ զեկուցողի ուշադրությունը Հայաստանում երեխաների իրավունքների վրա,
 
Համագործակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և խմբերի հետ՝ հավաքագրելու երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերի մասին ամբողջական տեղեկատվություն՝ դրանք տրամադրելով ՄԱԿ-ի մյուս գործակալություններին և ՄԱԿ-ին աջակցող կազմակերպություններին։
 
Կրթական քաղաքացիական նախաձեռնություն
«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ 
 
18-ը ապրիլի, 2018
 
Հայտարարության և լուսանկարի հղումը՝ https://www.facebook.com/krtakan2017/posts/1018278324987305
 
Հրապարակումներ, որոնցում արձանագրված են երեխաների իրավունքների խախտման դեպքեր կամ առկա են այդ իրավունքները սահմանափակելու կոչեր
 
1- Դասադուլ Երևանում և մարզերում․ աշակերտների նկատմամբ ուժ են կիրառում, Epress.am, http://epress.am/.../%D4%B4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%A4%D5%B8... 
2- Անչափահասը բեկորային վիրավորում է ստացել ոստիկանության արձակած նռնակից, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների, https://web.facebook.com/JournalistsForHumanRights/videos/1886574471387355/?hc_location=uf
3- «Ոստիկանները մորը եւ մանկահասակ երեխային բռնի ուժով հեռացնում են Մաշտոցի պողոտայից», Ֆակտոր, https://www.youtube.com/watch?v=4222K2-RUOg&feature=share...
4- Բացառել պատանիների մասնակցությունը հանրահավաքներին. Ոստիկանություն, Սիվիլնեթ,https://www.civilnet.am/.../Բացառել-պատանիների-մա.../333876/ 
5- Փոստանջյանը Վանաձորում փորձում է դպրոցներից դուրս հանել աշակերտներին, Հայկական ժամանակ, http://www.armtimes.com/hy/article/135686
6- Բերման էին ենթարկել նաև անչափահասների. «Ելք» դաշինքի պատգամավորները շրջել են բաժանմունքներում, News.am, https://news.am/arm/news/446859.html
 
 
-- 
Կրթական քաղաքացիական նախաձեռնության
համակարգող խումբ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 979 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար