ԱՐՑԱԽԸ ՎԱՐՈՒՄ Է ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց Արցախի նախագահի խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ

20-03-2018 21:54:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
 


 
 
 
 
 -Արցախի Հանրապետության նախագահը վաշինգտոնյան այցի շրջանակներում կարեւոր հանդիպումներ է ունենում։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս՝ բացառիկ համարվող այցից։
   -Այս այցն ամենեւին էլ եզակի կամ բացառիկ չէ, նման այցեր տարբեր ժամանակներում եղել են: Իհարկե սա կարեւոր այց է, Բակո Սահակյանը հետաքրքիր հանդիպումներ է ունեցել Կոնգրեսում, ելույթ է ունեցել տարբեր ինստիտուտներում, սակայն պետք չէ բացառիկ համարել. այն հերթական այց է: 
   Արցախի Հանրապետության նախագահը, ԱԳ նախարարը նման հանդիպումներ ունենում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Եվրամիության երկրներում, Ռուսաստանում, բոլոր այն «ուղեղային կենտրոններում», որոնք զբաղված են Արցախյան խնդրով։ Խոսքս նաեւ Մինսկի խմբի մասին է: 
   Ինչ վերաբերում է քաղաքական որոշումներ կայացնելուն, դրանք դրսում չեն կայացվելու, որեւէ մեկը մեզ նման որոշում չի կարող պարտադրել, ամեն ինչ կախված է նախ մեզանից: Քաղաքական որեւէ որոշում բացառապես պայմանավորված է նրանով, թե Հայաստանն ու Արցախը տնտեսական, ռազմական, սոցիալական, քաղաքական առումով ի՞նչ վիճակում են գտնվում: Սրա վրա պետք է սեւեռենք մեր ուշադրությունը: 
   -Որոշ շրջանակների կողմից շրջանառվող այն միտքը, թե Վաշինգտոնը կարող է հանդես գալ որպես հայկական երկու պետությունների ապագայի երաշխավոր, փոքր-ինչ չափազանցված ակնկալիք չէ՞: 
   -Պետք է զերծ մնալ նման մտքեր հայտնելուց, որովհետեւ Հայաստանի ու Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավորը առաջին հերթին հենց Հայաստանն ու Արցախն են: Կարծում եմ, մենք մի քիչ շատ գունազարդեցինք ու չափազանցրինք վաշինգտոնյան այցը, քան կա իրականում: Եվ ձեր հիշատակած միտքը հենց այդ չափազանցության հետեւանք է:
   Ինձ համար, ճիշտն ասած, անհասկանալի է այս մեծ ուշադրությունը, անհասկանալի է, թե այս սովորական այցն ինչո՞ւ այդչափ բուռն լուսաբանվեց, վերջապես, սա Բակո Սահակյանի առաջին այցը չէ, ոչ էլ վերջինն է լինելու: Նույն կարգի այցեր Արցախի ղեկավարության կողմից լինում են Ռուսաստան, Եվրամիության երկրներ, բայց ոչ մի անգամ նման աղմուկ չի եղել: Իհարկե, սա լավ այց է, բայց, կրկնում եմ, անհասկանալի է այս մեծ եռուզեռը։
   -Ո՞րն է ձեր մտահոգության պատճառը, նման մեծ ոգեւորության մեջ վտա՞նգ եք տեսնում:
   -Անշուտ, դա բոլորովին չի բխում Արցախի շահերից, հակառակը, կարող է վնասել: Բացատրեմ միտքս: 
   Այս ամենին ուշադիր հետեւում է ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Եվրամիությունը, ու եթե մենք հանկարծ ամբողջ ծանրության նժարը թեքում ենք դեպի Վաշինգտոն, անդադար խոսում ենք, թե ԱՄՆ-ն է լինելու մեր միակ երաշխավորը, մենք ուղղակիորեն վտանգում ենք Արցախը: Փաստորեն այդ կերպ առիթ ենք տալիս Ադրբեջանին, որ ասի՝ տեսեք, Հայաստանն ու Արցախը գնում են դեպի Արեւմուտք, ուրեմն ժամանակն է խնդրի լուծման այլ մոտեցում ցուցաբերել: 
   Ես զարմանում եմ, որ դա մեզ մոտ չեն ուզում հասկանալ: Ինձ զարմացնում են նաեւ որոշ լրատվամիջոցներ, հատկապես արեւմտյան կողմնորոշում ունեցողները, որոնք անհասկանալի փութաջանությամբ սեւեռվել են վաշինգտոնյան այցի լուսաբանման վրա: 
   Կայքեր կան, որոնք այս օրերին շրջանառում են ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի մի հարցազրույցը, որտեղ նա ասել է, թե 5 շրջանների վերադարձման պայմանագիր կա: Հաջորդ օրը ես դա հերքել եմ՝ հանդես գալով ծավալուն հարցազրույցով, որտեղ խոսել եմ Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ Դուգինի դիրքորոշումների մասին, նաեւ ասել, որ նա ֆինանսավորվում է Ադրբեջանի կողմից: 
   Բայց ընդամենը մեկ օր անց իմ մեկնաբանությունը հանվեց կայքից, մինչդեռ Դուգինի խոսքերն արդեն երեք շաբաթ կայքերից դուրս չեն գալիս: Սա անհասկանալի մոտեցում է: Հարց է առաջանում. ո՞վ է շահագրգռված, որ ստեղծվի տպավորություն, թե Ռուսաստանը մեր թշնամին է, իսկ միակ բարեկամը ԱՄՆ-ն է: Նման բան չկա, Արցախը բոլորի հետ վարում է հավասարակշռված քաղաքականություն: Չմոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ու երկու երկրները մեկմեկու հետ կապված են բազմաթիվ կապերով: 
   Ինչ-որ ուժեր կարծես միտումնավոր փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Իհարկե, անկարող են դա անել, բայց ճգնում են ստեղծել տպավորություն, թե Հայաստանը Արցախի հետ վազում է դեպի Արեւմուտքի գիրկը ու փորձում Ռուսաստանին հասկացնել, թե ժամանակն է, որ դու քո վերաբեմունքն հայտնես ու անմիջապես որոշակի գործողությունների անցնես: 
   -Այդպիսի ճիգեր, Ռուսաստանին չեղած բաներ հասկացնելու ջանքեր բանեցնում է Բաքուն: 
   -Բաքուն անում է՝ հասկացանք, մե՞նք ինչու ենք անում: Վերջերս Բակո Սահակյանը Ռուսաստանում էր, հետո մեկնեց Բրյուսել, շուտով կգնա Լիբանան, հետո կմեկնի Մոսկվա: Այնպես որ վաշինգտոնյան այցի առիթով բարձրացված այս մեծ աղմուկը ավելորդ է: 
   Այլ բան է, եթե այցը գնահատվի սթափ եւ իրատեսորեն, ասվի, որ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է եւ իրականացնում է շատ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն թե՛ Արեւմուտքի, թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: 
   -Այցը դիտարկվում է նաեւ հետեւյալ հարթության տեսանկյունից. կանխատեսվում է, որ Հայաստանում, Ադրբեջանում տեղի ունեցող ընտրական գործընթացներից հետո ԼՂ կարգավորման գործընթացում կարող են տեղաշարժեր լինել։ Եվ ԱՄՆ-ը լավ հասկանալով, որ հնարավոր չէ որեւէ քայլ անել առանց Ստեփանակերտի համաձայնության, փորձեց այս այցով ուղիղ շփմամբ շոշափել Արցախի ղեկավարության տրամադրությունները, մասնավորաբար տարածքային զիջումների հարցում:
   -Ընդհանրապես մենք քաղաքական, լրագրողական բառապաշարից պետք է հանենք «հողերի, տարածքների զիջում» ձեւակերպումը: Հավատացեք, որ Արցախի Հանրապետության նախագահը չի գնացել ԱՄՆ, որ հայտարարի, թե Արցախն ինչ զիջումների է պատրաստ: Արցախն ու Հայաստանն արդեն իսկ զիջումներ արել են: Հիշենք. 1994-ին Ադրբեջանի խնդրանքով, միջազգային հանրության հորդորներով Արցախի Հանրապետությունը ստորագրեց զինադադարի պայմանագիրը:
 
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
 
Աղբյուրը՝ Armworld.am
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից