Երեք անտառապահի առաջադրվել է մեղադրանք․ ՀՔԿ

20-03-2018 16:25:42   | Հայաստան  |  Իրավունք
 


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք պահաբաժինների անտառապահների:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով ավելի քան 6000 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ. փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար կայուն հանցավոր խումբն ստեղծվել է 2014 թվականին։ Պարզվել է խմբի ստեղծմանը և ղեկավարմանը, ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, ովքեր քրեական գործով որպես մեղադրյալ են  ներգրավվել դեռևս 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի արդյունքում. ապօրինի կերպով չի հաշվարկվել բնությանը պատճառված վնասի չափը, ժամանակին միջոցներ չեն
4989245053079035">
ձեռնարկվել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ: 
Մասնավորապես, «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ, 4-րդ և 13-րդ պահաբաժինների անտառապահներ Ս.Զարգարյանը, Գ.Պողոսյանը և Վ.Դիլանյանը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցությունները իրենց ամրակցված պահաբաժնի տարածքում, 2014-2017թթ. առանց պահաբաժնի տարածքում համապատասխան ստուգումներ իրականացնելու, ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրությունները, որոնց համաձայն` պահաբաժնում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել: 
Քրեական գործի տվյալներով՝ Ս.Զարգարյանի պաշտոնավարման ժամանակ թիվ 3 պահաբաժնում հատվել են ընդհանուր 560 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 122.761.250 ՀՀ դրամի վնաս, Գ.Պողոսյանի պահաբաժանում՝ 349 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 91.064.000 ՀՀ դրամի վնաս, Վ.Դիլանյանի պահաբաժնում՝ 256 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 36.450.000 ՀՀ դրամի վնաս։ 
Պարզվել է անտառահատումներին նշված երեք պահաբաժինների անտառապահներից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ թիվ 4 պահաբաժնի անտառապահ Գ.Պողոսյանին մարտի 18-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ 
Թիվ 3 պահաբաժնի անտառապահ Ս. Զարգարյանին մարտի 19-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը մերժվել է։ 
Թիվ 13 պահաբաժնի անտառապահ Վ.Դիլանյանին մարտի 20-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 
Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Բացի այդ, որոշում է կայացվել՝ 2016թ. նոյեմբերի 16-ից մինչև 2017թ. մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ-բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Վասիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 135 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար