Գիտնականների կոչը. Չեղարկել Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը

17-03-2018 17:31:16   | Հայաստան  |  Հասարակություն
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու  Ռուբեն Մելքոնյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը:
 


Հայտարարության մեջ ասվում է.
 
«Ս.թ. մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ պ.գ.թ., դոցենտ, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը։
 
Հայտնի է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ներբուհական որոշակի խնդիրների շուրջ դասախոսները արտահայտում են իրենց դժգոհությունն ու անկեղծ մտահոգությունը և երբեմն էլ դրա համար ընտրում առավել հրապարակային մեթոդներ (ընդհուպ մինչև հացադուլ):
 
Հաշվի առնելով նաև գիտության և կրթության ապակենտրոնացման կարևորությունը` կարծում ենք, որ մարզերում, և տվյալ պարագայում Գյումրիում, ավելի բարձր կրթական մակարդակ ապահովող համալսարան ունենալը առաջնահերթություն է:
 
Բազմակարծությունը և առողջ բանավեճը կարևոր են հասարակական կյանքի բոլոր բնագավառների կենսունակության համար, սակայն ակադեմիական միջավայրում դրանք ուղղակի անհրաժեշտություն են: Ուստի, այլակարծության համար Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը որևէ կերպ ընդունելի չէ և հակասում է ակադեմիական բազմակարծության սկզբունքին:
 
Կարևոր ենք համարում շեշտել, որ վերոնշյալ դասախոսները, միևնույն ժամանակ, ակտիվ գիտական գործունեություն են ծավալում. Հովհաննես Խորիկյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրյա հեղինակավոր գիտական պարբերականներում:
 
Գագիկ Համբարյանը, գիտական գործունեությանը զուգահեռ, յուրահատուկ տեղ ունի հայաստանյան վերլուծական դաշտում և հարկ է հատուկ առանձնացնել, որ բացի տարածաշրջանային վերլուծություններից` նա կարողանում է փորձագիտական կարծիք հայտնել Շիրակում ու Գյումրիում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների մասին` համադրելով այնտեղի իրողությունների լավ իմացությունը և վերլուծական հմտությունները:
 
Ավելորդ չենք համարում ընդգծել, որ Հ. Խորիկյանը և Գ. Համբարյանը կարողանում են իրենց գիտելիքները փոխանցել ուսանողներին, ինչի շնորհիվ վայելում են նրանց սերն ու հարգանքը: Ներկայումս գերակայող միտումը` ունենալ ուսանողակենտրոն համալսարաններ, նույնպես պահանջում է, որպեսզի նման կադրերը ոչ թե հեռացվեն դասախոսական աշխատանքից, այլ ընդհակառակը` խրախուսվի նրանց գործունեությունը, որից մեծապես օգտվում են առաջին հերթին ուսանողները:
 
Ուստի, կարևորելով գիտության և կրթության ապակենտրոնացումը և մարզերում գիտական կյանքի աշխուժացումը, մտահոգ լինելով Հայաստանի երկրորդ քաղաքում գործող Շիրակի պետական համալսարանի հեղինակությամբ, ծանոթ լինելով երկու դասախոսների գիտական գործունեությանը և ներուժին` կոչ ենք անում պատասխանատուներին չեղարկել Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու որոշումը:
 
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում նորմալ ակադեմիական միջավայրին հարիր մեթոդներով քննարկել առկա խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման ճանապարհները: Մենք էլ, մեր հերթին, պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր նպաստը ներդնել ինչպես Հայաստանի երկրորդ քաղաքի ԲՈՒՀ-ի խնդիրները լուծելու, այնպես էլ այդ կրթօջախի զարգացման հարցում»:
 
Վահրամ Համազասպի Տեր-Մաթևոսյան պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ
Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 287 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...