Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին

23-02-2018 18:29:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: 
Շնորհավորելով Աշոտ Ղուլյանին պարգեւատրման առթիվ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ, օրերս լրացավ Արցախյան շարժման 30-ամյակը, իսկ այսօր Արցախում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: 
Թու՛յլ տվեք այս տոնական օրերի առթիվ շնորհավորել բոլորիս: 
 
Արցախյան շարժումը պատմական եւ շրջադարձային իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում: Այդ շարժման ծնունդ են հայկական երկու պետությունները: 
Հարգելի՛ պարոն Ղուլյան, Դուք՝ որպես պետական եւ քաղաքական գործիչ, եւ Ձեր ղեկավարած Արցախի Ազգային ժողովը ծանրակշիռ ներդրում ունեք Արցախի անկախ պետականության կայացման եւ ամրապնդման գործում: 
Թու՛յլ տվեք Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ, ինչպես նաեւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ձեզ հանձնել ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալը: 
Վստահ եմ, որ այսուհետ եւս կշարունակեք Ձեր փորձն ու գիտելիքները ծառայեցնել Արցախի բարգավաճմանն ու հզորացմանը»: 
Շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշել է. «ՀՀ ԱԺ մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, անչափ զգացված եմ հաճելի ապրումների համար՝ ՀՀ Աժ պատվո մեդալով պարգեւատրվելու կապակցությամբ: 
Այս պարգեւն ընդունում եմ որպես համագործակցության բարձր մակարդակի արտահայտություն, նաեւ ապագայում մեր փոխհարաբերությունների զարգացման կարեւոր նախանշան: 
Ինձ համար մեծ պատիվ է ՀՀ խորհրդարանի բարձրագույն պարգեւին արժանանալը: Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ պարգեւատրումը տեղի է ունենում այս օրերին, երբ նշում ենք մեր ժողովրդի համար կարեւոր իրադարձության 30-ամյակը: Այս իրադաձությունները ցույց են տալիս, թե համազգային միասնության դեպքում ինչպիսի հնարավորություններ ունենք մենք եւ ինչ նպատակներ կարող ենք դնել մեր առջեւ ու դրանք իրագործել: 
Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ ՀՀ ԱԺ նախորդ նախագահներին եւ պատգամավորներին, ովքեր իմ խորհրդարանական գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում օգնել են, որպեսզի մեր փոխգործակցությունն իրականանա: Այսօր երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների կապերը կարող ենք ամրապնդել նաեւ մեր մարդկային եւ մասնագիտական գաղափարներով: Սա պարզապես լավ հնարավորություն է, որ մենք կարողանանք երկու խորհրդարանների հարաբերությունները դիտարկել մեկ այլ տեսանկյունից: Շնորհակալ եմ»: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 128 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար