2018 թվականին համայքները պետք է ներկայացնեն ծրագրային բյուջե, որտեղ բոլոր ծախսերը հիմնված կլինեն ծրագրերի վրա

23-02-2018 17:01:25   | Հայաստան  |  Հասարակություն
 


2018 թվականին համայքները պետք է ներկայացնեն ծրագրային բյուջե, որտեղ բոլոր ծախսերը հիմնված կլինեն ծրագրերի վրա: 
 
Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ տարածաքային կառավարման և զարգացման (ՏԿԶ) նախարար Դավիթ Լոքյանը: 
 
Ըստ նրա՝ 2018 թվականի վերջին Հայաստանում կլինեն համայնքներ, որոնք կիմանան, թե ինչպիսի տնտեսական ծրագրեր պետք է իրականացնեն տեղում, ինչպիսի կապիտալ արժեքներ ստեղծեն, ինչպես պետք է ծախսեն իրենց միջոցները և ինչպես պետք է զարգացնեն իրենց տարածքները: 
 
«Սա մեր ընդհանուր թեզն է 2018 թվականի համար, որի հիմքում դրել ենք բյուջետային ծրագրավորման գաղափարախոսությունը: Բոլոր համայնքները պետք է ներկայացնեն իրենց մուտքերը և թե ինչպիսի միջակայքերում պետք է իրականացվեն այդ ծախսերը»,- նշեց Դ. Լոքյանը՝ հավելելով, որ փոփոխություններ են նախատեսում իրականացնել նաև համայնքներին պետական ֆինանսավորում ցուցաբերելու գաղափարախոսությունում: 
 
Նրա փոխանցմամբ՝ պետությունն ամեն տարի համայնքներին հատկացնում է 48 մլրդ դրամի չափով դոտացիա, ուստի գերատեսչությունը նախատեսում է համապատասխան օրենքում այնպիսի փոփոխություններ կատարել, որը կհանգեցնի համայնքների մոտիվացիային: 
 
Նախարարի խոսքերով՝ փորձելու են օրենքում մեխանիզմներ ներդնել, որոնք պատճառ կդառնան, որպեսզի համայնքներն ավելացնեն սեփական եկամուտները և կարողանան պետությունից՝ ավելին ավելիի դիմաց գումար ստանալ: 
 
Անդրադառնալով 2017 թվականին նախարարության կողմից իրականացված աշխատանքներին՝ Դ. Լոքյանը նկատեց, որ նախորդ տարվա գործունեության հիմնական ուղղությունը եղել է համայքներում իրականացվող համակարգային փոփոխությունը, իսկ տարածքային կառավարման մակարդակով՝ համապատասխան ռազմավարությունների, գործառնական ծրագրերի, մեթոդիկաների ընդունումը: 
 
«Մենք չենք կարող տարածքային համաչափությունն ապահովել երկրում, եթե չունենք ձևավորված կայուն, ուժեղ համայնքներ։ 2017 թվականին նախարարությունը 10-ից ավելի մեթոդական ուղեցույցներ և ձեռնարկներ է տրամադրել համայնքներին, որոնք բազմաբնույթ ուղղություններով կագավորում են համայնքում իրականացվող գործողությունները»,- նշեց նա՝ շեշտելով, որ համայնքների հետ կապված լրջագույն խնդիրներից են համայնքների հաստիքացուցակներին և աշխատողների թվակազմին առնչվող համակարգային բացերը: 
 
Մասնավորապես, նախարարը նշեց, որ տարիների ընթացքում համայնքներում շուրջ 1 մլրդ դրամի չափով աշխատավարձերի պարտք էր գոյացել համայնքնապետերի՝ արձակուրդ չգնալու հետևանքով: 
 
2017 թվականին ՏԿԶ նախարարությունը նվազեցրել է նման կարգի մոտ 200 մլն դրամի չափով համայնքային պարտք և 2018 թվականին կշարունակի այդ գործընթացը, որպեսզի այլևս այդպիսի պարտք չառաջանա և բյուջեի վրա բեռ չդառնա: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 577 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար