Առաջին անգամ թափոնների վերամշակման պարտադիր պահանջ է դրվում

22-02-2018 13:31:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարության հավանությանն է արժանացել  ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս չկա բնական պաշարների արդյունավետ կառավարումն ապահովող համապարփակ քաղաքականություն: Ռազմավարության նպատակն է բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ և բարեկեցիկ շրջակա միջավայրի ձևավորման, կենսաբազմազանության և բնական ռեսուրսներով ապահովման միջոցով:
 


Ռազմավարությամբ առաջարկվող լուծումները հնարավորություն կտան ոլորտում իրականացնելու բնական պաշարների կայուն կառավարմանն ուղղված բարեփոխումներ: Մասնավորապես, ըստ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, փաստաթղթով առաջին անգամ ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվում: «Խոսքը վերաբերում է պոչամբարներին: Առկա է 22 պոչամբար, և դրանց վերամշակման ու հետագա կառավարման հարցն այսօր արդեն օրախնդիր է»,-ասել է նախարարը:    
Գործադիրը սահմանել է ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը: Ընդունված որոշման նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրանց արդյունքների տրամադրումն ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմք՝ ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար: Այդ նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում:
 
 
 
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
 
 
Գործադիրը հավանություն է տվել  «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով նախատեսվում է, որ «օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է կարգավորողի կողմից սահմանված կարգով բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911) և ՀՀ ոստիկանության 102 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում»: Ըստ հիմնավորման, մասնավորապես,   «911» ծառայությունը իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական և հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ: Ծառայության գործունեության ընթացքում գրանցվել են այնպիսի  դեպքեր, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն: Ծառայությունում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը կարևորագույն գործընթաց է, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը:
Հավանության է արժանացել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»   ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենսգրքերը կհամապատասխանեցվեն «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքին: Օրենքների նախագծերով հստակեցվել են դատական վարույթի հրապարակության վերաբերյալ իրավակարգավորումները, այդ թվում՝ սահմանվել են եզրափակիչ դատական ակտերի՝  դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարկելու վերաբերյալ դրույթներ: Փաթեթով ամրագրվել են դատավարության լեզվին չտիրապետող վարույթի մասնակիցների՝ թարգմանչի ծառայություններից օգտվելու, փաստաթղթերը դատավարության լեզվին համապատասխան ներկայացվելու և դատավարության լեզվի սկզբունքից բխող նոր պահանջներ: Բացի այդ, վերանայվել են դատարանի կազմին և կոլեգիալ կազմով որոշումներ ընդունելու կարգին վերաբերող դրույթները, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը: 
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից