Աշխատավարձեր, թոշակներ չբարձրացնելով, կառավարությունը օրենք է խախտել. Թ. Մանասերյան.tert.am

23-01-2018 19:55:05   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
tert.am.Ներմուծմամբ զբաղվող և գերշահույթներ ստացողներին պետք է հարկել, և փոխարենը տեղական արտադրությունը խթանել: Այս մասին այսօր «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
 


«Շատ կարևոր խնդիր է ներմուծվող ապրանքների գնաճը և այստեղ անպայման պետք է խոսենք գերշահույթների մասին: Կառավարությունը գերշահույթներ ստացողներին պետք է հարկի, եթե իրենց ախորժակը չի մեղմվում, իրենց նրանք սոցիալական բաղադրիչի հետ հաշվի չեն ուզում նստել: Իսկ գերշահույթի հարկման տարբեր մեխանիզմներ կան»,- նշեց նա:
 
Փոխարենը, ըստ տնտեսագետի՝ կառավարությունը պետք է  մտածի տեղական արտադրությունը խթանելու մասին:
 
«Եթե սա չեղավ, մենք մշտապես կախվածություն ենք ունենալու արտերկրից: Ընդ որում՝ առաջին անհրաժեշտության 10 ապրանքային խմբերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք առնվազն 80-90 տոկոս չափով կարող ենք լինել գերազանցապես ինքնաբավ երկիր: Եվ սրա համար պետությունը պետք է իսկապես իր մասնակցությունն ունենա»,- ընդգծեց նա:
 
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ վերջին շրջանում շատ ապրանքներ երկնիշ թվով աճել են, սակայն դրանք մյուս ապրանքների գների ֆոնի վրա կոմպենսացվում են և միջինացված պաշտոնական թվերով 2017 թ.-ին լինում է 2.6 տոկոս գնաճ:
 
«2.6 տոկոս գնաճը միջինացված է, որը վերաբերում է մոտ 500 ապրանքախմբերին: Հորդորում եմ կառավարությունը թիրախավորել 10 ապրանքախմբերը և դրանց ուղղությամբ աշխատանք տանել, գոնե ծառայողական օգտագործման համար: Սա պարտադիր եմ համարում»,- ասաց տնտեսագետը:
 
Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականությամբ իր գործը կատարում է, բայց միայն դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ գնաճը զսպել:
 
«Հաշվի չի առնվում, որ 29.4 տոկոս աղքատության մակարդակից բացի մենք ունենք նվազագույն աշխատավարձ ստացողների աշխատող աղքատների մի ստվար զանգված, որը չի կարողանում պարենային նվազագույն զամբյուղը գնել և այս մարդիկ ավելանում են 29.4 տոկոսին»,- նկատեց նա:
 
Թ. Մանասերյանը պարտադիր է համարում եկամուտների և նվազագույն աշխատավարձի ավելացումը՝ ընդգծելով, որ դա է պահանջում նաև օրենքը: Նրա խոսքով՝ ակնհայտորեն  խախտվել է «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և Կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը:
 
Ըստ օրենքի՝ «ՀՀ-ում կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար»: Օրենքի հաջորդ կետով նշվում է, որ «Հայաստանում նվազագույն աշխատավարձի կենսաթոշակներ, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում»:
 
«Ակնհայտորեն այս օրենքը խախտվել է: Հորդորում եմ, որ կառավարությունն այս համամասնությունը պահպանի»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից