Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին

23-01-2018 15:21:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին: 
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը նշել է՝ թեեւ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունները քսանհինգ տարվա պատմություն ունեն, բայց բարեկամական կապերը՝ դարերի: 
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիբանանի ժողովրդին հայկական համայնքի նկատմամբ տարիներ շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Արա Բաբլոյանն իր մտահոգությունն հայտնել վերջին տարիներին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ եւ նշել, որ հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: 
 


ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների աշխուժացմանը՝ նշելով նաեւ, որ Հայաստանը եւ Լիբանանը մեծ ներուժ ունեն տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար: 
Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: 
Տիկին Դաղերը, անդրադառնալով լիբանանցի եւ հայ ժողովուրդների դարավոր եւ ամուր բարեկամությանը, ընդգծել է հայկական համայնքի կարեւոր դերն ու նշանակությունը Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում: Մայա Դաղերը փաստել է, որ հայ պատգամավորներն արդյունավետ գործունեություն են ծավալում Լիբանանի խորհրդարանում: 
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը եւ երկու երկրների համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին: 
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել Մայա Դաղերին մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից