Արցախի 9-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան բացվել է Նորշենում

22-01-2018 12:22:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հունվարի 19-ին՝ Արցախի Նորշեն համայնքի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում տեղի է ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, ԿԳՍ նախարարության աշխատակիցներ և այլք:
 
ԻՏՁՄ-ի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցը հիմնվել և օրեցօր սահմանները ընդլայնում է 2014 թ-ից և նպատակ ունի անվճար ինժեներական կրթության պայմաններ ապահովել յուրաքանչյուր դպրոցականի համար: Դպրոցականներն «Արմաթ»-ում սովորում են ռոբոտաշինության և ծրագրավորման հիմունքներ, մասնակցում մի շարք խրախուսական մրցույթների, ճամբարների և այլ միջոցառումների, հանդիպում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և այլն: 
 
10 տարեկանից սկսած ինժեներական մտածելակերպի զարգացումն ու հմտությունների ձեռք բերումը մեծ հեռանկարներ է ստեղծում ինչպես դպրոցականի, նրա համայնքի, այնպես էլ երկրի տնտեսության, այդ թվում՝ ռազմարդյունաբերության զարգացման և արտագաղթի կրճատման համար: Այսօր ամբողջ աշխարհում տեխնոլոգիական ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա, որը կարող են լրացնեն մեր մասնագետներն առանց երկրի սահմաններից դուրս գալու և նույնիսկ տնային պայմաններում. առցանց:
 
Լեոնիդ Գուրունցի անվան դպրոցում այժմ սովորում է 54 աշակերտ: Նրանք ինքնուրույն տեսահոլովակ են պատրաստել համայնքի և դպրոցի առօրյայի մասին, ի դեպ, տեսանյութում օգտագործել են Սիսիանի արմաթցիների  պատրաստած դրոնը: Նորշենի նորաբաց «Արմաթ»-ի խմբավարը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից Արա Հարությունյանն է, ով Երևանից գործուղվել է Արցախ՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ:
 
ԻՏՁՄ-ն դեռևս դեկտեմբերին Նորշենի դպրոցին նվիրաբերել էր լաբորատորիայի որոշ սարքավորումներ, իսկ ԻՏՁՄ-ի ամանորյա բարեգործական երեկոյի ընթացքում Նազարյան կրթական հիմնադրամի, Ինստիգեյթ, PicsArt, Ucom, X-Tech, Essential Solutions, LimeTech, E-Works, FimeTech ընկերությունների և անհատների նվիրատվությունների շնորհիվ «Արմաթ» լաբորատորիան դարձավ ամբողջական:
 
Նորշենի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան թվով 9-րդն է Արցախում: Ինժեներական լաբորատորիաներ են գործում նաև Ստեփանակերտում, Շուշիում, Վանքում, Քարվաճառում, Բերձորում, Վուրգավանում, որտեղ սովորում են ավելի քան 150 դպրոցականներ, իսկ «Արմաթ» ցանցն ընդհանուր առմամբ ունի 220-ից ավելի լաբորատորիաներ, որն էլ միավորում է շուրջ 5000 դպրոցականների: ԻՏՁՄ-ն ծրագրում է «Արմաթ» ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում. այն դպրոցների աշակարտները, որտեղ դեռևս լաբորատորիա չկա և ովքեր ցանկանում են «Արմաթ»-ում սովորել կարող են անվճար հաճախել հարակից բնակավայրի «Արմաթ» լաբորատորիա: Անհրաժեշտ է փնտրել դպրոցը armath.am կայքում և կապ հաստատել խմբավարի կամ կազմակերպիչների հետ:
 
Հավելենք, որ նույն օրը ԻՏՁՄ-ի և ԱԻ ԿԳՍ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր «Արցախի Հանրապետության կրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագրի շրջանակում համագործակցելու մասին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից