Հարութ Սասունյան. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից

17-01-2018 19:49:44   | ԱՄՆ  |  Հոդվածներ
Իսրայելցի ականավոր գիտնական Յաիր Աուրոնը 2017 թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով բոլոր ներքին փաստաթղթերը այն համաձայնագրերի և պարտավորությունների վերաբերյալ, որոնք  Իսրայելի պետությունը ստանձնել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում:
 


Աուրոնի փաստաբան Էյթայ Մաքն արտգործնախարարություն ուղարկած խնդրանքում նշում է, որ «Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Իսրայելի ժխտումը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​և ռազմական հարաբերությունների, իսկ վերջին տարիներին նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերությունների հետ»:
 
Պրոֆ. Աուրոնի խնդրանքում, Իսրայելի տեղեկատվության ազատության օրենքի համաձայն, բացատրվում է, որ «Թուրքիան Իսրայելից գնել է միլիարդավոր դոլարների ուսումնական և ռազմական համակարգեր: Զենքի գծով գործարքները ներառում են ինքնաթիռների և տանկերի, ռադիոլոկացիոն և մոնիտորինգային համակարգերի, հրթիռների և զինամթերքի արդիականացում»: Ադրբեջանը ևս Իսրայելից գնել է մոտ 5 մլրդ դոլար արժողությամբ ժամանակակից զենքեր:
 
2011-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների ժամանակ, փոխարտգործնախարար Դանի Այալոնը և Կնեսետի կրթության հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը միանշանակ կերպով բացառել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը՝ իսլամական աշխարհում Իսրայելի «գլխավոր» ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին չվնասելու նպատակով»:
 
Պրոֆ. Աուրոնի նամակում նաև մեջբերումներ են արված «Մեր տունն Իսրայելն է» (“Yisrael Beiteinu”) աջակողմյան կուսակցության մի քանի ղեկավարներից, նշելով, որ նրանք չեն թողնելու, որ Կնեսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն է: Ի նպաստ Ադրբեջանի քարոզիչ և Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիայի խոսնակ Արյե Գուտը հաստատել է, որ «Լիբերմանը ադրբեջանա-իսրայելյան գործընկերության ճարտարապետներից է»: RTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «տեսականորեն պատմական վիճահարույց հարց էր, և դրա ճանաչման բացակայությունը անպայմանորեն չի առնչվում Թուրքիայի հետ, այլ առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ [Իսրայելի] ռազմավարական հարաբերություններին»: Պրոֆ. Աուրոնը շեշտում է, որ այս փաստարկները շատ նման են նրանց, որոնք ժխտում են հրեական Հոլոքոստը:
 
Պրոֆ. Աուրոնն իր նամակում, որպես Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունների օրինակ, տեղեկացնում է, որ 2016 թ. փետրվարի 26-ին «613 ծառ տնկվեց Խայիմ Վեյցմանի (Իսրայելի 1-ին նախագահ) անտառում՝ «Խոջալուի ցեղասպանության 24 ամյակի» առթիվ, 613 զոհերի հիշատակին, որին ներկա էր [Կնեսետի անդամ] Ավիգդոր Լիբերմանը: Միայն Ադրբեջանը և Թուրքիան են նշում այս «ցեղասպանության» միջոցառումը: Վերջին տարիներին պաշտոնական Իսրայելը դարձել է ենթադրյալ Խոջալուի ցեղասպանության պահանջի ուղղակի և անուղղակի սատարողը: Խոջալուի ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. փետրվարին, Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև դաժան պատերազմի ժամանակ: Կան մի քանի վարկածներ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ներառյալ զոհերի թիվը, սակայն մի հարցում միջազգային հանրությունը միակարծիք է՝ ոչ մի ցեղասպանություն, իր ընդհանուր սահմանմամբ, այնտեղ տեղի չի ունեցել»:
 
Պրոֆ. Աուրոնը եզրափակում է Իսրայելի կառավարությանն ուղղված իր խնդրանքը, նշելով, որ «կասկած չկա, որ Իսրայելի պետությունը ոչ միայն «առևտուր» է անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այլ դրա վերաբերյալ իր վրա իրական պարտավորություններ է վերցրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ համաձայնագրերում:
 
Հետևաբար, փաստաբան Մաքը հատուկ պահանջում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը գաղտնազերծի հետևյալ տեղեկատվությունը.
 
1)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, փոխըմբռնման և պայմանավորվածության փաստաթղթերը»:
 
  2)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած նամակագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»:
 
3) «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն»:
 
4) «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության որոշումներին և դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բողոքների լույսի ներքո»:
 
Դեռ հայտնի չէ, թե արդյոք Իսրայելի արտգործնախարարությունը կկատարի պրոֆ. Աուրոնի օրինական պահանջը: Թե ամերիկյան, թե բրիտանական կառավարությունները, որոնք ներքին տեղեկատվության բացահայտման պահանջների վերաբերյալ նմանօրինակ օրենքներ ունեն, արձագանքել էին իրենց քաղաքացիների նման պահանջներին՝ հրապարակային դարձնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը: Հասկանալի է, եթե Իսրայելի կառավարությունը գաղտնիության պատճառով անընթեռնելի դարձնի գաղտնազերծված փաստաթղթերի որոշ հատվածներ՝ տեղեկատվությունը տրամադրող անձանց ինքնությունը պաշտպանելու կամ ազգային անվտանգության նկատառումներով:
 
 
 
Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր  
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 583 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար