Ճվճըվ Արոյի որդու վարած «ԲՄՎX6»-ի խելացնոր ընթացքը պատկերող և երկու ոստիկանի կյանք խլած ՃՏՊ–ի սարսափելի կադրերը հանվել են «Յութուբ»-ից

09-01-2018 18:44:54   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
 
Երևանում կենտրոնում հունվարի 8–ի գիշերը տեղի ունեցած ու ճանապարհային ոստիկանության երկու ծառայողի մահվան պատճառ հանդիսացած սարսափելի ավտովթարի կադրերը հայտնվել էին համացանցում։ «Յութուբում» տեղադրված այդ տեսանյութը հրապարակել էին մի շարք ԶԼՄ-ներ, ինչպես, օրինակ, Armeniasputnik.am-ը («Երկու ոստիկանի կյանք խլած ՃՏՊ–ի սարսափելի կադրերը»), Paninfo.am-ը («Բացառիկ տեսանյութ. տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է Ճվճվ Արոյի որդին «X6»-ով բախվում ՃՈ մեքենային»): Սակայն, կարճ ժամանակ հետո տեսանյութը, որը պատկերում է Ճվճըվ Արոյի որդու` Սարգիս Վարդանյանի վարած ու մայրաքաղաքի կենտրոնում խելացնոր արագությամբ սուրացող «ԲՄՎX6»-ի բախումը ՃՈ մեքենային, «Յութուբ»-ից չգիտես ում կողմից, ում պահանձով և ինչու հանվել է, և այս պահին նշված ԶԼՄ-ներում վթարը պատկերող տեսանյութը հնարավոր չէ դիտել: Եթե տեսանյութը հանվել է ՀՀ ոստիկանության պահանջով, ապա հետաքրքիր է, թե ինչո՞ւ, ի՞նչը թաքցնելու խնդիր է առաջացել:
Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 8–ին, ժամը 04:40-ի սահմաններում Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 29–ամյա Արեգ Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևոր Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ 
Ցավոք, ավտովթարի հետևանքով ծանր վիրավորված ՃՈ տեսուչ, 34–ամյա Խաչիկ Գասպարյանը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր դեպքից հետո, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում երեկ երեկոյան մահացել է, քանի որ ստացած վնասվածքները, ըստ բժիշկների, եղել են կյանքի հետ անհամատեղելի:
Ճվճըվ Արոյի որդին` քրեական աշխարհում Սաքուլիկ անվամբ հայտնի Սարգիս Վարդանյանը, որը հիշյալ դեպքի վայրից փախուստի էր դիմել, արդեն ձերբակալված է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լույս հունվարի 8-ի գիշերը Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Դեպքի պահին ճանապարհային ոստիկանության տեսուչները գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն։
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վթարի պահին «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայում գտնվել է 3 անձ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է Ս.Վարդանյանը, ով նույն օրը ձերբակալվել է։
Քրեական գործով հարցաքննվել են վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ, առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական և մանրաթելային փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ վկաների ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 24389 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար