Խոշոր ավտոներկրողները հունվարի 1-ից կգրանցվեն մաքսային մարմիններում, իսկ փոքր ձեռներեցներին կարգելվի ավելի էժան մեքենաների ներկրումը (տեսանյութ)



20-12-2017 18:41:08   | Հայաստան  |  Հասարակություն
 

Խոշոր ավտոներկրող ընկերությունները հունվարի 1-ից հետո որպես դիստրիբյուտրներ պատրաստվում են իրենց իրավունքները գրանցել մաքսային մարմիններում, ինչի հետևանքով փոքր ձեռներցներին այլևս կարգելվի այլ, ավելի էժան մակնիշի մեքենաների ներկրումը: 
 
Ինչպես դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ժամանակավոր ներկրման արգելքը պարզապես բուն խնդրից շեղող փոքրիկ դետալ է: 
 
Ըստ նրա՝ իրականում խնդիրն ավելի խորքային է, և ամենևին էլ չի սահմանափակվում աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքով: 
 
«Նորից մոնոպոլիա է ձևավորվում, և ներկայիս վարչապետը կկոչվի երկրորդ բիզնեսցեղասպան Տիգրան Սարգսյանից հետո: Բոլոր ճակատներով խոշոր ձեռներեցները հարձակվել են փոքր ձեռներեցների վրա՝ փորձելով վերացնել վերջիններիս. Բարով ես եկել բիզնեսցեղասպան Կարեն Կարապետյան ջան»,- ընդգծեց Տ. Հովհաննիսյանը՝ հորդորելով պատկան մարմիններին թույլ տալ իրենց շնչել: 
 
Նրա խոսքերով՝ եթե փոքր ավտոներկրողները հացի խնդիր են լուծում և հազիվ իրենց գոյությունը պահպանում, ապա խոշորները հազար ու մի բիզնես ունեն և կարող են այս մեկ ոլորտից հեռու մնալով՝ բավականին լավ ապրել: 
 
Տ. Հովհաննիսյանը փաստեց, որ հասարակության շրջանում թյուրըմբռնում կա, քանի որ ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս, հետո հերքում սեփական ասածները. «Տրանսպորտի նախարարը երեք ամիսը մեկ զառանցում է»: 
 
Անդրադառնալով այն հիմնավորումներին, թե աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարներն ավելի շատ են և դրանք անվտանգ չեն, ուստի պետք է արգելվի նման մեքենաների ներկրումը՝ «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահը փաստեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ
Ճանապարհային ոստիկանությունից խնդրել է ներկայացնել աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների հստակ վիճակագրությունը, սակայն այդպես էլ որևէ կոնկրետ ցուցանիշ չի ստացել: 
 
«Միայն վերջերս ոստիկանությունը հրապարակեց այդ տվյալները, որոնց համաձայն՝ այս տարի մոտ 3500 ավտովթարներից 300-ի դեպքում է աջ ղեկով մեքենայի մասնակցություն արձանագրվել, սակայն չի պարզաբանվել, թե այդ 300-ից քանիսի դեպքում է աջ ղեկով մեքենան եղել վթարի մեղավորը կամ պատճառը:  Թիվն այնքան փոքր է, որ ամաչում էին հրապարակել»,- նկատեց Տ. Հովհաննիսյանը՝ պնդելով, որ աջ ղեկով մեքենաները վտանգավոր չեն: 
 
Բանախոսի գնահատմամբ՝ պարզապես հիմարություն է առանց այդ էլ աղքատ բնակիչներին արգելել ավելի մատչելի մեքենա ձեռք բերել, կամ ունեցած աջ ղեկով մեքենան վաճառել: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից