ԱՄՆ փորձագիտական խումբը կներկայացնի Հայաստանի անտառներում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ

15-12-2017 11:55:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ ամփոփիչ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները, ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների, Բնապահապանության, Գյուղատնտեսության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: 
 
ԱՄՆ ԱԾ հրդեհների գնահատման փորձագիտական խումբը Հայաստան է ժամանել՝ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում, ինչպես նաև՝ օժանդակելու Հայաստանի՝ հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը:
ԱՄՆ ԱԾ հրդեհների գծով մասնագետ Ջ. Քրոֆթը ևս մեկ անգամ ներկայացրեց ԱՄՆ-ի փորձը հրդեհների կառավարման ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով  տարբեր շահագրգիռ կառույցների հաղորդակցության կարևորությունը: Նա առանձնացրեց 4 փուլ՝ պլանավորում, ուսուցում, հաղորդակցություն և աշխատանքային ուժ, որոնք մշտական բարելավման և կատարելագործման կարիք ունեն: Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար շատ էական է  ոչ միայն քրտնաջան աշխատանքը, այլև՝ աշխատանքի իրականացման ուղիների խելամիտ մշակումը: Ըստ նրա՝ հաջողության գրավականներից են մինչև հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, տարբեր շահառուների հետ ձևավորված կապերն ու հարաբերությունները: Խոսելով այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցված հրրդեհների մասին՝ Ջ. Քրոֆթը նշեց, որ նախնական արդյունքներն արդեն առկա են և համապատասխան մշակումից հետո վերջնական եզրակացությունն ու առաջարկություների փաթեթը կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին: 
Նշենք, որ ԱՄՆ փորձագիտական խումբն առաջին անգամ Հայաստան էր այցելել ս.թ. սեպտեմբերի 7-ից 14-ը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել կազմակերպել ԱՄՆ ԱԾ ևս մեկ այց՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրման համար: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 163 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար