Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները

14-12-2017 18:53:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:
 
Զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է Գեոպորտալ և ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան: Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միևնույն միջավայրում: Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ  գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների և այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ: Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երևանի, Գյումրիի և Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, և շարունակվելու են աշխատանքներն աշխարագրության ընդլայման ուղղությամբ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու և հասանելի դարձնելու ուղղությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը. «Մեզ պետք է, որ Գեոպորտալ այցելելուց և կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ: Այս խնդիրը թե ինչ բանաձևով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ  և կանոնավոր կերպով թարմացվի», - նշել է գործադիրի ղեկավարը: 
Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ համագործակցելով   ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ, ամփոփել աշխատանքները և կիրառական անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից