«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի հանրային քննարկման ընթացքում լրագրողական կազմակերպություններից որևէ առաջարկ չի ստացվել. ՀՀ ԱՆ

23-11-2017 17:17:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


  
2017 թվականի նոյեմբերի 20-ին լրագրողական կազմակերպությունները զանգվածային լրատվության միջոցներում հրապարակել էին   «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն:
 
      Վերջինիս հեղինակներն անդրադարձել էին ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին հավանություն տալու որոշմանն ու ներկայացրել նախագծի մշակման գործընթացի վերաբերյալ իրենց տեսանկյունը, ըստ որի՝ նախագծի մշակման ընթացքն իրականացվել է ոչ թափանցիկ և նախագիծն ուղարկվել է ՀՀ կառավարություն առանց հանրային քննարկման ներկայացնելու: Հայտարարությամբ լրագրողական կազմակերպությունները կոչ էին անում ՀՀ կառավարությանը, մասնավորապես, ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝  ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։      
      Չանդրադառնալով հայտարարության մեջ ներառված մի շարք անհիմն մեղադրանքներին և ապատեղեկատվությանը, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է , որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված էր ՀՀ Սահմանադրության փոփոխություններով, պատրաստվել է  Արդարադատության նախարարության կողմից և սահմանված կարգով (ՀՀ  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կառավարության 25 մարտի 2010 թվականի N 296-ն «Հանրային քննարկումների կազմակերպման եվ իրականացման կարգը հաստատելու մասին» որոշում) դրվել  է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝  https://www.e-draft.am/projects/141 : Հարկ է նշել, որ հանրային քննարկման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո՝ առ այսօր, նախագծի վերաբերյալ որևէ դիտողություն կամ առաջարկություն Արդարադատության նախարարությունը չի ստացել:  
Այնուամենայնիվ,  հաշվի առնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշտապես կարևորել է հանրային կարծիքը օրինաստեղծ գործընթացում, օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություն կամ առաջարկություն ստանալու դեպքում,  պատրաստ է դրանք քննարկել:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից