Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը

23-11-2017 17:16:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը`  համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
 


Ընկերությունը շուրջ 150 տարվա պատմություն ունի եթերայուղերի արտադրության ոլորտում, և համագործակցում է դեղագործական և կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ:
 
Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է  Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար  կապերի ամրապնդումն ու աշխուժացումը` գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով:
 
«Հայաստանը շատ բազմազան կլիմա ունի, որտեղ հնարավոր է գրեթե ամեն ինչ աճեցնել:   Եթերատու բույսերի մշակությունը նոր սկիզբ առնող, նշմարվող ոլորտ է մեզանում, ունենք փոքր արտադրություններ, որոնք բարձր որակի արտադրանք են թողարկում»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:
 
Ընկերության գիտական գծով փոխտնօրեն Սիրիլ Մահեյմը նշել է, որ  Հայաստանն իրենց համար հետաքրքրիր երկիր է` շնորհիվ բնակլիմայական պայմանների և հարուստ կենսաբազմազանության, մասնավորապես տեղական էնդեմիկ եթերատու մշակաբույսերի ուսումնասիրության տեսանկյունից, օրինակ` ռեհանի, անանուխի, եղեսպակի և այլն:
 
Նրա խոսքով` այցն ունի ճանաչողական բնույթ, և այժմ իրենք հանդիպումներ են ունենում տարբեր ընկերությունների և կառույցների հետ, ինչպես նաև ուսումնասիրում են տարբեր տարածաշրջաններում   առանձին մշակաբույսերի աճեցման նպատակահարմարությունը:
 
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում փորձնական աճեցնել որոշ մշակաբույսեր, գնահատել դրանց արդյունավետությունը, կենսաքիմիական բաղադրությունը, որակական հատկանիշները և հաջողության դեպքում` ներկայացնել բիզնես-ծրագիր` համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու նպատակով:
 
Նախարար Առաքելյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել և կողջունի միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական կազմակերպության մուտքը հայաստանյան շուկա:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից