Ջուրը 2018թ. հունվարի 1-ից կթանկանա 11.4 դրամով․168.am

22-11-2017 12:45:21   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը: Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու հայտը, որով առաջարկվում էր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ընդհանուր սակագին սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն:
 


«Վեոլիա ջուր» ընկերության հայտի վերաբերյալ ՀԾԿՀ որոշման նախագիծը հանձնաժողովների անդամների քննարկմանը ներկայացրեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: «Վեոլիա ջուր» ընկերության հայտը ստանալուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացրել, որում ներգրավվել են նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մոնիթորինգի ընթացքում մենք ստուգումներ ենք իրականացրել շուրջ 2 հազար 200 ոչ բնակիչ սպառողների մոտ, և մեծ մեծամասնության մոտ հայտնաբերել ենք խախտումներ, ինչի արդյունքում չհաշվարկված ջրի ծավալը կազմել է շուրջ 900 հազար խորանարդ մետր»,- մանրամասնեց Բաղրամյանը:
 
Նա ընդգծեց, որ մոնիթորինգի արդյունքներով և բոլոր հանգամանքների վերլուծությունների արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը գործող 180 դրամի փոխարեն սահմանել 191.4 դրամ:
 
Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը` պատասխանելով ներկաներից մեկի հարցին սպառողների համար սակագինը նույնը թողնելու առաջարկություն ներկայացնելու վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի վերաբերյալ, նշեց, որ իրենք սահմանված ժամկետներում կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկը: «Մենք ուսումնասիրել ենք տարբերակները, բայց քանի դեռ սակագինը բարձրացնելու որոշումը չկա, մենք չէինք կարող այդ մասին ինչ-որ բան ասել: Համապատասխան առաջարկները կներկայացնենք կառավարությանը: Առաջ անցնելով՝ կարող եմ ասել, որ այդ 11.4 դրամ թանկացումը սուբսիդավորվելու է «Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության գումարների հաշվին: Այսինքն, սպառողի համար սակագինը կմնա նույնը»,- պարզաբանեց Սերգոյանը:
 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ևս նշեց, որ սպառողների համար սակագինը կմնա նույնը` շեշտելով, որ առաջիկա նիստերից մեկում կառավարության քննարկմանը կներկայացնեն համապատասխան որոշման նախագիծ, որով սակագնի 11.4 դրամով թանկացումը սուբսիդավորվելու է: Նա վստահեցրեց, որ դա տեղի կունենա մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, քանի որ սակագինը բարձրացնելու որոշումն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից