Հայտնաբերվել են չհայտարարագրված դեղամիջոցներ. ՊԵԿ

22-11-2017 12:14:17   | Հայաստան  |  Կազմակերպություններ
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ:
 


ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենայի դռների հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են 21 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք, որոնք վարորդը նպատակ է ունեցել իրացնել Երևանի դեղատներում:
 
Դեղորայքի հաջորդ խմբաքանակը հայտնաբերվել է Բավրայի մաքսակետում՝ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության և մաքսակետի աշխատակիցների համագործակցության արդյունքում. վրացական կապարակնիքով կնքված 17 կգ ընդհանուր քաշով դեղորայքը քաղաքացին թաքցրել է բեռնախցիկում հատուկ պատրաստված թաքստոցում:
 
Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ ընթացիկ տարում գերակշռել են նաև տարբեր տեսակի հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. մաքսային հսկողությունը շրջանցելու հիմնական թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին: Իսկ անօրինական ճանապարհով ոչ հոգեմետ դեղամիջոցների ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Բագրատաշենի անցակետում:
 
Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացմամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մաքսային հսկողությունն այլ հարթակ է տեղափոխվել: Արդիական ենթակառուցվածքների և նորագույն սարքավորումների ներդրմամբ նորակառույց մաքսակետերում հսկողական միջոցառումներն առավել արդյունավետ, բայց, միևնույն ժամանակ, աննկատ են դարձել՝ բացառելով գործառույթների կրկնությունը:
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից