Արցախի խորհրդարանում շարունակվում են 2018թ.-ի պետական բյուջեի քննարկումները

21-11-2017 17:25:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Նոյեմբերի 21-ին ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Արամ Գրիգորյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, քննարկվել է «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
 
Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ոլորտների պատասխանատուներ:
 
Ներկայացնելով աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման ոլորտին 2018թ.-ին հատկացվելիք գումարը՝ նախարար Սամվել Ավանեսյանը տեղեկացրել է, որ այն կկազմի 22 մլդ 826մլն 600 հազ դրամ, ինչը 2017թ.ի հաստատված պետական բյուջեի ծախսերի նկատմամբ ավել է 1 մլդ 32մլն դրամով:
 
Պատգամավորները նախարարին են առաջադրել սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող օժանդակությանը, հաշմանդամություն ունեցողների աշխատանքի ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակարանաշինության համար տրվող ֆինանսական աջակցությանը և այլ խնդիրների վերաբերյալ հացեր և առաջարկություններ:
 
Առողջապահության ոլորտին, համաձայն նախարար Կարինե Աթայաի ներկայացման,  գալիք տարի  պետական բյուջեից կտրամադրվի 6 մլրդ 151,8 մլն դրամ: Ավելացումը 2017թ.-ի նկատմամբ կկազմի 155,3 մլն դրամ:
 
Նախարարի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է Հանրապետական ԲԿ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր գործիքային սարքի շահագործմամբ և  առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաների խնամքի  ծառայության նոր ծրագրի ներդրմամբ:
 
Պատգամավորները հնչեցրել են հանրապետությունում դեղորայքի գներին, ապահովագրական համակարգի ներդրմանը, քաղաքացու կողմից՝ տեղամասային բժշկի ընտրությանը, պետական պատվերի շրջանակում իրականացվելիք ծրագրերին, մասնագետների պատրաստվածությանը վերաբերող հարցեր: Ներկայացված նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
 
ԱԺ հանձնաժողովային քննարկումները վաղը՝ նոյեմբերի 22-ին, կշարունակվեն  ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում՝ դռնփակ ռեժիմով:
 
ԱՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 151 անգամ
Անվճար բաժանորդագրվեք մեր հաղորդումներին YouTube-ում, Facebook-ում, Twiter-ում
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կարծիքը...