Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

17-11-2017 11:23:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարարարական խորհրդի հերթական նիստը:
Դավիթ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին, կարևորել օրակարգում ընդգրկված հարցերը՝ առաջարկելով խորհրդի անդամներին  ունենալ  կառուցողական քննարկում: 
 
Օրակարգային առաջին հարցով Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող՝ ՀՀ արդարադաության նախարարության իրավասությանն առնչվող 2017 թվականի գործողությունների կատարման ընթացքը: Վիգեն Քոչարյանը տեղեկացրել է, որ Գործողությունների շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «ՀՀ  կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Վերջինով նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրել ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգի հնարավորություն (Խորհրդի անդամների առաջարկին ընդառաջ գնալով՝ Արդարադատության նախարարությունը Կառավարության որոշման նախագիծն այսօր հրապարակել է e- draft.am կայքում` https://www.e-draft.am/projects/558 ): 
Փոխնախարարի խոսքով՝ ՄԻՊ ռազմավարության գործողությունների համատեքստում նախարարությունը մշակել է նաև ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ, որով քրեակատարողական ոլորտին առնչվող առանձին միջոցառումներ են նախատեսվել: Վիգեն Քոչարյանը մասնավորեցրել է, որ, ըստ առաջնահերթության, թիրախային ուղղություններից է համարվելու քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված չափանիշների մշակման և ներդրման միջոցառումը:
Նա նաև տեղեկացրել է, որ ավարտվել են ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման աշխատանքները. ՔԿԱԳ մարմինները ծննդյան գրանցումներն իրականացնում են օգտվելով ծննդյան բժշկական վկայականների միասնական գրանցամատյանի տեղեկատվական համակարգից: Միաժամանակ ծննդյան գրանցման վերաբերյալ տեղեկությունները, քաղաքացու ցանկության դեպքում, ՔԿԱԳ մարմինների կողմից փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական համակարգ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ձևակերպելու նպատակով:
ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Սարգսյանը,  ներկայացրել է լրամշակման փուլում գտնվող «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը՝ հավելելով, որ դրանք երկու անգամ  ևս ներկայացվել են հանրային քննարկման: Նախարարության աշխատակիցը խոսել է ներքին և  արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևերից, ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգից, ինչպես նաև ներկայացրել է   ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը: 
Վերջինիս վերաբերյալ հասարակական խորհրդի անդամներից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը, «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը ներկայացրել են առաջարկներ, որոնցից մի մասը Նախարարությունը տեղում ներառեց նախագծում, մի մասն էլ խոստացավ քննարկման առարկա դարձնել:
Հանդիպման ավարտին Խորհրդի անդամները տեղեկացրել են, որ օրակարգային և մի շարք այլ հարցերի վերաբերյալ  գրավոր տեսքով առաջարկություններ կներկայացնեն Արդարադատության նախարարություն:
                  
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից