ԱՀԿ­ն օրինակելի է գնահատում Հայաստանում ոլորտի բյուջետավորման մեթոդաբանությունը.Ան

16-11-2017 19:02:13   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ Շվեյցարիայի Մոնտրոյում կազմակերպված հանդիպումը նվիրված էր առողջապահական համակարգի ֆինանսավորման, պլանավորման և բյուջետավորման հիմնախնդիրներին։ Ամենամյա այս հանդիպմանը Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։ Ավելին՝ ԱՀԿ-ի գնահատմամբ Հայաստանն առաջատար և օրինակելի է ֆինանսավորման ոլորտում իրականացված բարեփոխումների ուղղությամբ։
 


Բոլոր երկրների առողջապահության ոլորտի ֆինանսիստների հանդիպման կազմակեպման հիմնական նպատակն այն էր, որպեսզի ԱՀԿ­ն, որպես ոլորտում իրականացվող բարեփոխումները սատարող միջազգային կազմակերպություն, ի մի բերելով ամբողջ աշխարհի լավագույն փորձը, մշակի առողջապահության ֆինանսավորման ոլորտի օրինակելի ուղեցույցներ։
 
Ծրագրային բյուջետավորումը, որը ենթադրում է բյուջետավորման նոր կառուցվածք և մոտեցումներ, հնարավորություն է տալիս առողջապահության ֆինանսավորումը դարձնել թափանցիկ, հաշվետվողական և կանխատեսելի։ Այսինքն, բացի պետական բյուջետային հատկացումների ծախսային ուղղությունների և տնտեսագիտական դասակարգումների սահմանումից, ծրագրային բյուջետավորման դեպքում սահմանվում են նաև ոչ ֆինանսական, արդյունքային ցուցանիշները, որոնց օգնությամբ ակնհայտ է դառնում, թե ոլորտի բյուջեն ինչ ուղղություններով է ծախսվում, ինչ նպատակների է ծառայում և առողջապահական ինչ վերջնական արդյունքներ են ապահովվում։
 
ԱՀԿ-ի առաջարկով հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Անի Հարությունյանը երկու զեկույցով ներկայացրել է մեր երկրի փորձը, ի մի բերել դեռ 2013 թվականից մեկնարկած ծրագրային բյուջետավորմանն անցնելու ուղությամբ անցած ճանապարհը։ Այլ երկրների առողջապահության ոլորտի ֆինանսիստներին է ներկայացվել ներդրման փուլում գտնվող համակարգի կայացման նպատակով իրականացվող գործնական քայլերը, դրանց տված արդյունքները և ապագայում իրականացվելիք քայլերի տեսլականը։
 
Միաժամանակ, համագործակցություն է սկսվել Էստոնիայի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության հետ, որոնք ևս այս ուղղությամբ համարվում են առաջատար երկրներ, որպեսզի համատեղ քննարկվեն հատկապես բյուջեի կառուցվածքի, արդյունավետության գնահատման ցուցանիշների և պլանավորման կիրառական հարցերը։
 
Այս ամենի տրամաբանությունը և հիմնական գաղափարախոսությունը չափելիության և հասարակության տեսանկյունից ոլորտի թափանցիկության ու հաշվետվողականության ապահովումն է։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 98 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար