Աշխատանքային քննարկում՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի փորձարկման վերաբերյալ

16-11-2017 17:41:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի  փորձարկմանն առնչվող մի շարք հարցեր:  Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև  ծրագրի փորձարկման համար ընտրված  հենակետային ավագ դպրոցների պատասխանատուները:
 


Նշվել է, որ ԿԳՆ-ն արդեն հանրային քննարկման է ներկայացրել  «Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը», որով ենթադրվում է 2018-2019 ուստարվանից սկսած  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում, Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  ավագ դպրոցում փորձնական նպատակով ներդնել կրեդիտային համակարգ: Նոր համակարգի ներդրման հիմնական նպատակն  ավագ դպրոցից դեպի մասնագիտական կրթական համակարգ անցման դյուրինացումն ու շարժունության խթանումն է: Ենթադրվում է, որ սովորողը հնարավորություն կունենա որոշակի կրեդիտներ տեղափոխել դպրոցից բուհ՝ համաձայն սահմանված կարգի, որը դեռ մշակման փուլում է գտնվում: Համաձայն ծրագրի նախնական տարբերակի՝ մեկ  կրեդիտը համարժեք է 40 ակադեմիական ժամի և իր մեջ ներառում է ուսումնական պարապ­մունք­ներին, գործնական աշխատանքներին և ուսումնական նախագծերի իրակա­նացմանը հատկացված, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխա­տանքի, այդ թվում՝ դասապատրաստման համար նախատեսված ժամաքանակը: Հանրակրթության համակարգում կրեդիտային համակարգի ամբողջական ներդրումը կատարվելու է երեք փուլով՝ հաշվի առնելով առաջին փուլի արդյունքների վերլուծության հիման վրա՝ լրամշակված ծրագիրը:
 Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր՝ կրեդիտների համարժեքության / օրինակ ինչու 40 ակադեմիական ժամ, երբ բուհերում այն համարժեք է 30 ակադեմիական ժամի/, դպրոցից բուհ տեղափոխման, կրեդիտների հաշվարկման և ներդրման մեխանիզմների ու ընթացակարգերի վերաբերյալ: Կարևորելով ներդրվող համակարգի արդյունավետության ապահովումը՝ քննարկման մասնակիցներն առաջարկել է սահմանել միասնական ընթացակարգեր՝ հաշվի առնելով նաև ուսումնական պլանների հետ համապատասխանեցման պահանջները: Որոշվել է մասնագիտական քննարկումները  դարձնել պարբերական և ավելի հաճախակի:
 
Նշենք, որ կրեդիտային համակարգի ներդրման ծրագիրը ներկայացվելու է կառավարության հաստատմանը, մինչ այդ սակայն այն կլրամշակվի՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի առաջարկությունները, դիտողություններն ու մտահոգությունները:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 179 անգամ
Անվճար բաժանորդագրվեք մեր հաղորդումներին YouTube-ում, Facebook-ում, Twiter-ում
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կարծիքը...