Կալանավորված անձին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար

16-11-2017 16:36:17   | Հայաստան  |  Իրավունք
 
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թ.Ալավերդյանին՝ հիվանդանոցից փախուստի դիմելու համար:
Նախնական քննությամբ պարզվել է, որ 1987թ. ծնված Թ.Ալավերդյանն ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման (դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ) և պահվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Առողջական խնդիրների կապակցությամբ 10.11.2017թ. նա տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և պահվել նշված հիվանդանոցի մեծահասակների 5-րդ բաժանմունքի հիվանդասենյակում։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կալանավորը, օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքից, հիվանդասենյակի սանհանգույցից օգտվելու պատրվակով լույս նոյեմբերի 14-ի գիշերը մտել է սանհանգույց, ապա՝ ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել փախուստի: 
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և ոստիկանության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը նա հայտնաբերվել է Արմավիրի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա Թ.Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից