Արցախում երկրաշարժից շենք-շինությունները վնասներ չեն կրել. ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական

16-11-2017 16:47:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամուլի տեսություն
Ադրբեջանի տարածքում երեկվա երկրաշարժից, որը զգացվել է Արցախում ու Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ, որևէ վնասների, փլուզումների մասին տեղեկատվություն չկա: 
 

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, Սեյսմիկ պաշտպանության նախկին պետ Հրաչ Պետրոսյանը։
 
«Ես կապվել եմ Արցախի հետ քիչ առաջ և ինձ ասել են, որ այս պահի դրությամբ լուրջ վնասներ շենքեր-շինությունները չեն կրել: Առաջին օպերատիվ դիտարկումները, թե ինչպես Մինգեչաուրի երկրաշարժն ազդեց, ցույց են տալիս, որ լուրջ վնասներ չեն եղել»,–ասաց նա։
 
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ: 
 
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:
 
Հրաչյա Պետրոսյանը, ի պատասխան հարցի, թե ստուգվե՞լ է շենքերի սեյսմակայունությունը, ասաց, որ նման կարճ ժամանակում շենքերի սեյսմակայունությունն այդքան արագ չի ստուգվում, բայց աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ: Մասնավորապես, արվել են առաջին օպերատիվ դիտարկումները, թե ինչպես ազդեց Մինգեչաուրիի երկրաշարժը, ցույց են տվել, որ լուրջ ազդեցություն այն հարակից տարածքների վրա չի թողել: 
 
Հիշեցնենք, որ կա տեսակետ, որ Ադրբեջանում նավթի արդյունահանումը լուրջ տեկտոնիկ խզվածքներ է առաջացրել, և այս տարածաշրջանում նավթի կորզման պատճառով երկրաշարժներն ու ցնցումներն անխուսափելի են:
 
Կոնկրետ այս երկրաշարժի վերաբերյալ գիտնականն ասաց. «Կարծում եմ, որ չէ, որովհետև տեկտոնիկ բնույթի երկրաշարժը տեղի է ունեցել Մեծ Կովկասի գոտում՝ բավական մեծ խորության վրա, տարբեր տվյալներով՝ 10-20 կմ խորության վրա է գտնվում երկրաշարժի օջախը, և ես չեմ կարծում, որ դա կապ ունի նավթահորերի հետ»:
 
Առհասարակ, նա մանրամասնեց, որ երկրաշարժերը լինում են տեկտոնական և տեխնածին բնույթի։  Տեկտոնականներն առավել ուժեղ երկրաշարժերն են, իսկ մարդու գործունեության հետևանքով  առաջացած երկրաշարժերը լինում են թույլ, երբ ընդերքի մեծ զանգվածից հանքանյութեր կամ նավթ է հանվում, առաջանում են դատարկ տարածություններ, որոնք հետագայում լցվում են ջրերով կամ մնում են այդ վիճակում, և տեղի են ունենում փլուզումներ:
 
Իսկ ուժեղ երկրաշարժերը լինում են շատ ավելի հզոր ուժերի արդյունքում, երբ երկրակեղևում կուտակվում են մեծ լարվածություններ, էներգիա, լուրջ դեֆորմացիաներ են տեղի ունենում, որոնք էլ նախապատրաստում են այդ հզոր երկրաշարժերը: Նախապատրաստման տարածքն ընդգրկում է բավականին մեծ տարածություններ, որոնք կարող են լինել ՀՀ-ի տարածքից մի քիչ ավելի մեծ:
 
Ամփոփելով՝ Հրաչ Պետրոսյանն ասաց, որ սա մի խնդիր է, որը պետք է լրջորեն ուսումնասիրել,այսինքն՝ ճշգրիտ տեղեկություններ ունենալ՝ ինչքան նավթ է հանվել, ինչ ծավալի դատարկություններ են գոյացել:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից