«Ժամանակակից քիմիայի հաջողությունները և հրատարակությունները Հայաստանում»

16-11-2017 16:35:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
2017թ. նոյեմբերի 15-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանում կազմակերպվել էր Հայաստանում հրատարակված քիմիայի ոլորտին վերաբերող նոր գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում` «Ժամանակակից  քիմիայի հաջողությունները և հրատարակությունները Հայաստանում» խորագրով: 
Միջոցառման նպատակն էր կարևորել Հայաստանում ժամանակակից քիմիայի դերը երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացման, կյանքի որակի, մասնավորապես, առողջ սննդի, մաքուր շրջակա միջավայրի, մարդու առողջության բարելավման գործում և համալրել գիտատեխնիկական գրադարանի հավաքածուն` քիմիայի ոլորտին առնչվող հայերեն նոր հրատարակություններով:
 
Միջոցառմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտություն ֆակուլտետի,  Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ձեռնարկության ներկայացուցիչներ և ՆՁԱԿ-ի աշխատակիցներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գ. Վարդանյանը:  Միջոցառումը վարեց  ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լ. Ղարիբյանը, ով նշեց գրքերի հեղինակների հետ հանդիպման կարևորությունը և խոսքը տրամադրեց վերջիններիս:
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ա. Թադևոսյանը, լինելով գրքերի հեղինակ, ներկայացրեց ֆակուլտետի թվով 8 հրատարակությունները` դասագրքեր, բառարաններ, գիտահանրամատչելի գրքույկներ: Դրանք վերաբերվում էին ֆակուլտետի գիտնականների ձեռքբերումներին, մարդու գործունեության և շրջակա միջավայրի փոխհարաբերություններին և առողջ ապրելակերպի մոտեցումներին:
Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Մարտիրյանը և պրոֆեսոր Կարինե Գրիգորյանը  ներկայացրեցին  ֆակուլտետում նոր բացված «սննդի անվտանգություն» և «կենցաղային քիմիա» մասնագիտություններով ուսուցման համար նախատեսված` իրենց հեղինակած սննդի անվտանգության, սննդի քիմիայի և սննդարտադրական տեխնոլոգիաների անգլերեն-հայերեն-ռուսերեն տերմինաբանական բառարանը, ինչպես նաև նոր հրատարակված դասագիրքը:
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտքարտուղար Արա Գյուլնազարյանը ներկայացրեց Կենտրոնի գիտնականների գիտական միտքը և նվաճումները ներառող գրքերի հատորյակները, և այլ հրատարակություններ: Հեղինակը խոսեց նաև 60-ամյա Օրգանական քիմիայի ինստիտուտի ձեռքբերումները պահպանելու, իրենց կառույցի երիտասարդ գիտնականներին աջակցելու և գիտատեխնիկական գրադարանին գրքերը հետագա սերունդների համար ի պահ տալու կարևորության մասին: 
Միջոցառման ընթացքում կայացան քննարկումներ և մտքերի փոխանակումներ,  բուհերի ներկայացուցիչները անդրադարձան քիմիական ֆակուլտետ ընդունվողների խնդիրներին, որի հետ կապված իրենց մտահոգությունն արտահայտեցին ապագա մասնագետների թվի նվազման, Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի հետ կապված քիմիական արդյունաբերության անկման կապակցությամբ: Չնայած դրան բարձրաձայնվեց, որ գիտնականները և մասնագետները ամեն ինչ անում են ստեղծվածը, ձեռք բերվածը չկորցնելու և պահպանելու համար, համոզված լինելով որ կգա ժամանակը ու քիմիական արդյունաբերությունն նորից իր նշանակալի տեղը կունենա երկրի տնտեսության զարգացման գործում: 
Հեղինակներին ՆՁԱԿ-ի տնօրենը հանձնեց շնորհակալագրեր` ի նշան երախտագիտության` գրադարանին արժեքավոր գրքեր նվիրաբերելու համար: 
Հյուրերը մասնակցեցին  նաև գրադարանում առկա քիմիայի ոլորտին  վերաբերող գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսին, ծանոթացան տրամադրվող ժամանակակից տեղեկատվական և գրադարանային ծառայություններին, որոնց մի մասը ցանկություն հայտնեցին և տեղում դարձան գրադարանի  օգտվողներ: Վերջիններս էլեկտրոնային փոստով կօգտվեն մասնագիտական ամսագրերից` փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով, որը բացառիկ է հանրապետությունում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 244 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար