Մենք ի՞նչ է, պետք է բոլորին փնտրեի՞նք, գտնեի՞նք.Արծրուն Հովհաննիսյանը՝ ուսանողների հնչեցրած մեղադրանքի վերաբերյալ

16-11-2017 15:48:49   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
tert.am. Շատ քիչ օրենքներ եմ հիշում, որ այսպես լայն, հասարակական բոլոր շերտերի հետ, հղկվելով, փոփոխվելով,առաջարկները հաշվի առնելով, քննարկում ունեցած լինի: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին:
 

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
 
«Օրենքի ամենակարևոր դրվագները, որոնց նկատմամբ դասադուլ անող ուսանողները  որոշակի առարկություններ ունեն, դեռ հայտարարվել են ապրիլին, և ամբողջ ամռան ընթացքում անցել են հասարակական շատ լայն քննարկումներ մարզերում, Երևանում, տարբեր գիտնականների, պատասխանատուների, ոլորտով հետաքրքրվողների, հասարակական ակտիվ խմբերի հետ»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով՝ ապրիլին դեռ «Ազգ-բանակ» կոնֆերանսին ներկայացված մտքի մեխը նույն բանն է եղել՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը: «Պատիվ ունեմ» ծրագրի ներկայացման ժամանակ նշվել է, որ այն տարկետման միակ ճանապարհն է, շատ հստակ: Նույնիսկ խմբակցությունների հետ քննարկվել է այս ամենը, բայց որևէ հակասություն, որևէ անհամաձայնություն չի առաջացել:
 
«Տեսե՞լ եք՝ երիտասարդ գիտնականների նախաձեռնությունը երբ է առաջին անգամ միասնական հայտարարություն արել: Երբ օրինագիծն Ազգային ժողովում էր: Մենք ի՞նչ է, պետք է բոլորին փնտրեի՞նք, գտնեի՞նք: Մենք հնարավոր բոլոր ֆորմատներով հասարակական, քաղաքական, գիտական շրջանակների ներկայացուցիչներին առանձին հրավիրել ենք`ըստ բուհերի, ըստ կազմակերպությունների, հասարակական խորհուրդ, հանրային խորհուրդ, մարզեր ենք գնացել, դպրոցներ, համալսարաններ: Այսինքն՝ եթե իրենք այնտեղ ոչ մի տեղ չեն եղել՝ ո՛չ համալսարաններում, ո՛չ դպրոցներում, ՛ոչ գիտական կառույցներում, որտե՞ղ գտնեինք իրենց»,-ասել է նախարարի մամուլի քարտուղարն՝ անդրադառնալով ուսանողների հնչեցրած այն մեղադրանքին, թե օրենքի նախագծի քննարկումներում տարկետման սահմանափակման մասին չի բարձրաձայնվել:
 
Նա տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում ևս օրենքի նախագիծը քննարկվել է՝ համապատասխան մարդկանց հետ: «Հո չէի՞նք կարող 7000 ուսանողի հետ անհատապես քննարկել այդ հարցը: Երբ բարձրաձայնվել է նախագիծը, ես հիշում եմ, առնվազն տասնյակ հեռուստահաղորդումներ են եղել այս ամենի մասին, էլ չեմ ասում կայքերի նյութերը, այդքանից հետո ասել՝ մենք տեղյակ չենք եղել, ճիշտ չէ»:
 
Ուսանողների հետ ոչ մի կոնսենսուսի չգնալու դիտարկմանը Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Ի՞նչ կոնսենսուս, ես դա չեմ հասկանում: Նրանց առաջարկները մեր առաջարկների հիմքերին հակասում են: Իրենց առաջարկն այն է, որ որոշակի տեղեր սահմանվեն տարկետմամբ: Եթե 20 տարի առաջ եղել է այնպես, որ բոլոր բուհ ընդունվողներն  ունեցել են տարկետման իրավունք, 2004-ին նույն առաջարկը չի անցել,  մենք եկել հասել էինք նվազագույնին՝ տարկետման իրավունքով նվազագույն քանակի տեղեր էին սահմանվում բուհերում: Ի՞նչ կնշանակեր՝ նորից նույն ճանապարհով գնալը: Հանուն ինչի՞, երբ մենք տեսնում ենք, որ  այս լուծումը կիսալուծում է եղել այս տարիներին, որևէ օգուտ չի տվել ո՛չ գիտությանը, ո՛չ բանակին»:
 
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի դիտարկմամբ՝ տարկետման իրավունքով ստեղծվել է անվստահության մթնոլորտ, ստեղծել են տարբեր խոսակցություններ: «Որևէ հիմք չկա, թե ինչու պետք է ինչ-որ մեկը կես կամ մեկ բալով ստանա տարկետում, իբր զբաղվի գիտությամբ, բայց հետո չտեսնենք իր գիտության պրոդուկտը, մյուսը համարի իրեն անհաջողակ կամ իր բախտը չբերեց և գնա ծառայության: Այս վերաբերմունքով, նախևառաջ, նա, ով չի օգտվում տարկետումից, դատապարտվում է ծառայության գնալու, ի սկզբանե սխալ է,  հոգեբանորեն ի սկզբանե սխալ է:  Բոլորի համար այստեղ պետք է հավասար պայմաններ լինեն»:
 
Արծրուն Հովհաննիսյանի ձևակերպմամբ՝ մենք անդառնալի շրջապտույտի մեջ ենք: «Ասում ենք` չէ, քանի որ օրենքն առաջարկում են ընդունել այնպիսի մարդիկ, որոնց մի մասը կամ քանի տոկոսը չի ծառայել՝ գիտությամբ զբաղվելու, կամ այլ պատճառներով: Նշանակում է՝ պետք է թողնենք այս ամենն այսպես, խնդիրը չլուծենք, թողնենք այս կիսամեթոդը, որովհետև առաջարկողները մեր սրտով չեն: Երբ կլինի առաջարկն անող լավ թիմ, այն ժամանակ կանցկացնենք: Բայց չէ՞ որ այդ օրենքի հետևանքով է ձևավորվել այդ մարդկանց թիմը, ում այսօր իրենք չեն հավանում: Այսինքն՝ այդ մարդիկ չեն ծառայել այս տարբերակներով: Հետևաբար՝ եթե մենք  թողնում ենք այդ տարբերակը, մենք շարունակում ենք ունենալ մարդկանց ստվար զանգված, որոնք այս տարբերակով չեն ծառայելու: Շրջապտույտ է չէ՞, տեղապտույտ»:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից