Երևանում առաջին անգամ մեծ շուքով կայացավ «Ազգային Տարազ» համահայկական մրցույթ փառատոնը. ֆոտոշարք

10-11-2017 18:15:37   | Հայաստան  |  Մշակույթ
 

Երկարատև նախապատրաստական աշխատաքներից հետո Երևանում առաջին անգամ անցկացվեց «Ազգային Տարազ» համահայկական մրցույթ փառատոնը: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի հեղինակ և կազմակերպիչ, հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանը, հուլիսից մեկնարկած փառատոնը բաղկացած է եղել մի քանի փուլերից, որոնց ընթացքում փառատոնի համակարգող խմբում ներգրավված մասնագետներն աշխատել են մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անհատների հետ: 
 
Ըստ նրա՝ փառատոնի մրցութային մասը բաց է եղել հասարակության բոլոր ներկայացուցիչների համար՝ անկախ տարիքից և սեռից, ինչը հանգեցրել է հասարակական մեծ հետաքրքրության: 
 
Է. Մարկոսյանի խոսքերով՝ ստացված 183 հայտից բուն մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 80-ը:  «Ազգային Տարազ»-ին մասնակցելու գլխավոր պայմանն է եղել ներկայանալ սեփական տարազով, միաժամանակ պատմել տարազի պատմությունը, զարդանախշերի խորհուրդը, նաև ըստ ցանկության՝ երգել, պարել կամ ասմունքել: 
 
«Երկարատև ու քրտնաջան աշխատանքից հետո հաջողվեց կազմակերպել մի գեղեցիկ, շքեղ ու հաճելի միջոցառում, որը միմիայն ազգային մշակույթը պահպանելու, վերարտադրելու և հանրությանը հիշեցնելու նպատակ է հետապնդում»,- ասաց նա՝ հավելելով, որ փառատոնն արդեն իսկ բազմաթիվ հրավերներ է ստացել Հայաստանի մարզերից: 
 
«Ազգային Տարազ» մրցույթ-փառատոնի կազմակերպիչն ուրախությամբ արձանագրեց, որ իրենց առջև ի սկզբանե դրված նպատակին հասել են, քանի որ կարողացել են երիտասարդ սերնդի մոտ սեր առաջացնել դեպի ազգային տարազը, դեպի գեղեցիկն ու հայկական մշակույթը: 
 
Նշենք, որ մրցույթ-փառատոնին իրենց մասնակցությամբ աջակցելու էին եկել արդեն կայացած դիզայներներ և նորաձևության կենտրոններ՝ Ժոզեֆինա Մուսախանյան, Արտյոմ Սյունեցի, «Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան» իր սաների հետ, «Տարազ. Էյեմ»-ը (taraz.am): 
Վերջիններս տարազների իրենց հավաքածուների ցուցադրությունը համադրեցին ազգային երգ ու պարով: 
 
taraz.am-ի գործադիր տնօրեն Արմինե Հայրապետյանի խոսքերով՝ նմանատիպ փառատոնների անցկացումը ողջունելի է, քանի որ ազգային տարազի նորովի ներկայացումը հետաքրքրում է ժամանակակից երիտասարդությանը: 
 
«Հիմնադրման օրվանից taraz.am-ի նպատակն է եղել ստեղծել գեղեցիկը և իմաստավորել այն հայկական զարդանախշերի միջոցով: Առաջին հավաքածուն կոչվում էր «Պատմությունից նորաձևություն» »,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք հիմնականում օգտագոծում են հայկական զարդանախշերը, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք են հագուստի վրա: 
taraz.am-ը փառատոնին ներկայացել էր «Ճախրանք» հավաքածույով: 
 
Փառատոնի ավարտին թե մասնակիցները, թե աջակիցներն արժանացել են պարգևների ու պատվոգրերի: 
 
 
 
 
Լուսանկարներն այստեղ
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից