Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը

10-11-2017 17:38:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Նոյեմբերի 9-11-ն աշխատանքային այցով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:
 
Աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ - ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված էին միջազգային հարթակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումներին և ՀՀ-ում ու ԱՀ-ում հետսահմանադրական գործընթացներին վերաբերող հարցեր:
 
Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ- ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը նույն արդյունավետությամբ կշարունակի միջպետական ու միջխորհրդարանական օրակարգում գտնվող հարցերի քննարկումները:
 
Ողջունելով միջխորհրդարանական նիստի մասնակիցներին՝ Աշոտ Ղուլյանը Հայաստանի ու Արցախի փոխհարաբերությունների գործող ձևաչափերի մեջ միջխորհրդարանական համագործակցությունը գնահատել է որպես կայացած և արդյունավետ:
 
«Այս հարթակը ոչ միայն հնարավորություն է օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլև յուրատեսակ խողովակ է մեզ համար՝ ինչպես տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ միջազգային խորհրդարանական ամբիոններից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
 
Այնուհետև Արցախի և Հայաստանի խորհրդարանականները քննարկել են օրակարգային հարցերը:
 
 «Հետսահմանադրական գործընթացները ՀՀ-ում և ԱՀ-ում. ընդհանրություններ ու առանձնահատկություններ» oրակարգային երկրորդ հարցի  վերաբերյալ զեկույց են ներկայացրել  ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը և ԱՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
 
Զեկուցողները նշել են, որ և ՀՀ-ում, և ԱՀ-ում սահմանադրական պահանջից բխող գործընթացներն ընթանում են ըստ նախատեսված ժամկետների: Ընգծվել է օրենսդրական կարգավորումների՝ Սահմանադրությանը համապատասխանեցնելու դերը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում:  
 
Հանձնաժողովի անդամները զեկուցողներին են առաջադրել են հետսահմանադրական գործընթացների հանրայնացմանը, ՏԻՄ համակարգում սպասվող փոփոխություններին և ընտրական գործընթացներում սահմանադրական բարեփոխումների ազդեցությանը վերաբերող հարցեր:
 
«Միջազգային հարթակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումները. հին կարծրատիպեր և նոր միտումներ» զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
 
Զեկույցում Արմեն Աշոտյանն անդրադարձել է միջազգային հարթակներում հայկական կողմի դիրքորոշումների վերանայմանը՝ պայմանավորված աշխարհաքաղաքական նոր զարգացումներով: Խոսելով Արցախի միջազգայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝  առանձնացվել են մի շարք տարբերակներ՝ կապված միջազգային ծրագրերում Արցախի ժողովրդի ներգրավմանը և ոչ պետական կառույցների, փորձագիտական կենտրոնների ու առաջատար լրատվական դաշտի ներուժի կիրառմանը՝ արտերկրում Արցախի մասին դրական հանրային կարծիքի ձևավորման գործում:  ­
 
Պատգամավորները մտքեր են փոխանակել Սփյուռքի ներուժի, ղարաբաղյան հակամարտության իրավական կողմի, բանակցային գործընթացում Արցախի մասնակցության և այլ հարցերի շուրջ:
 
Ամփոփելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը և Արա Բաբլոյանը շնորհակալություն են հայտնել մասնակիցներին հետաքրքիր և կառուցողական աշխատանքի համար և առաջարկել վերոնշյալ թեմաների հետագա քննարկումները տեղափոխել երկու խորհրդարանների հանձնաժողովների օրակարգ: 
 
Միջխորհրդարանական նիստի մասնակից Արցախի խորհրդարանականներին նույն օրը ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Այցի ընթացքում Արցախի խորհրդարանի պատգամավորները հարգանքի տուրք կմատուցեն  Եռաբլուրում և Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրում: Նախատեսվում է նաև այցելություն Ազգային պատկերասրահ:
 
 
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից