Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահին

10-11-2017 15:22:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։
Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի այցը և մասնակցությունը Հայաստանում տեղական իշխանությունների 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ հետ համագործակցությունը և ակտիվ մասնակցում է ԵԽ կանոնադրական և խորհրդատվական բոլոր մարմինների, այդ թվում նաև՝ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի աշխատանքներին։ 
 
Տիկին Մոսլեր-Թյորնշտրյոմն արդյունավետ է համարել ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ իրենց համար Հայաստանը վստահելի գործընկեր է: Նա տեղեկացրել է, որ արգասաբեր քննարկումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, ծանոթ է ոլորտում կատարվող բարեփոխումներին և այդ գործընթացում աջակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:
Վարչապետն ու ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ:  Կարեն Կարապետյանը ներկայացրել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության նախաձեռնած բարեփոխումների տրամաբանությունը, որոնց նպատակը համայնքային կառավարման մարմինների մտածելակերպի փոփոխությունն է, դրանց դերի բարձրացումը և որոշումների ընդունման առավել ամուր օղակի ձևավորումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումներին Կոնգրեսի մշտական աջակցության համար, այդ թվում` 2016 թ. ստորագրված Հայաստան-Եվրոպայի խորհուրդ հետմոնիթորինգային երկխոսության ճանապարհային քարտեզի շրջանակում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից