Արա Բաբլոյանի բացման խոսքը Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ

10-11-2017 14:27:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի նախագահ, 
հարգարժան գործընկերներ, 
թույլ տվեք ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը նույն արդյունավետությամբ կշարունակի միջպետական ու միջխորհրդարանական օրակարգում գտնվող հարցերի քննարկումը եւ հայկական երկու պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ամրապնդումը: 
Արցախ կատարած իմ վերջին այցից, որն ինձ համար առաջինն էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներից, ստացած տպավորություններից համոզվեցի, որ Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը` նպատակաուղղված ընթանալով ընտրած ճանապարհով: 
 


Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը: Մեր դիրքորոշումը հստակ է՝ որեւէ հարթակում կամ ատյանում, որեւէ ձեւաչափով չի կարող ընդունվել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը: Եւ Հայաստանի, եւ Արցախի հանրապետությունների իշխանությունները նախագահների մակարդակով բազմիցս են հայտարարել, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը եւ երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որեւէ տարբերակով անհնարին եւ անընդունելի են: Շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որը կարեւոր քայլ էր բանակցային գործընթացի ակտիվացման համար: Սակայն բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը նախեւառաջ պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից: 
Հարգելի գործընկերներ, 
մենք այսօր առաջին նիստն ենք անցկացնում Հայաստանում եւ Արցախում ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո: Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են պետության ավելի արդյունավետ կառավարման եւ ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար: Հանրաքվեների արդյունքում Արցախում եւ Հայաստանում ընտրվել է զարգացման այն ճանապարհը, որը լավագույնս է համապատասխանում երկրի ներքին եւ արտաքին առանձնահատկություններին ու քաղաքացիների կարիքներին: 
Անշուշտ, հետսահմանադրական գործընթացները Հայաստանում եւ Արցախում ունեն ընդհանրություններ ու առանձնահատկություններ: Այսօրվա բանախոսները, թերեւս, ավելի մանրամասն կանդրադառնան այս հարցին: 
Հարգելի գործընկերներ, 
հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է: Մենք պարտավոր ենք պաշտպանել եւ զարգացնել այն` համատեղ ջանքերով ու գործողություններով, տնտեսական ու անվտանգության համակարգերի միասնական հզորացմամբ եւ ամրապնդմամբ: Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը կապերի ու հարաբերությունների սերտացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ գործողությունների ռազմավարությունն ու մարտավարությունը համակարգելու եւս մեկ հնարավորություն է, որը մենք կօգտագործենք արդյունավետ կերպով: 
Եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ` ակնկալելով արգասաբեր աշխատանք»: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից