Ադրբեջանական տանկերն իրենց տեղերում սպասում էին ինչ-որ բանի, բայց այդպես էլ հարձակման հրաման չստացան

Ապրիլյան պատերազմի մասին` մասնակցի շուրթերից

09-11-2017 20:09:10   | Ադրբեջան  |  Հասարակություն
 

 
 
 
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանն անմիջական մասնակիցն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմի: Բանակում իր ծառայությունը կատարելուց ու զորացրվելուց հետո, իր ծառայակից երկու ընկերների հետ հիմնադրել է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է այս տարվա ամռանը: Մ. Մանուկյանն այժմ սովորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, 21 տարեկան է: Նրա հետ մեր հարցազրույցը հիմնականում ապրիլյան պատերազմի մանրամասների և այսօր արդեն չորս տասնյակից ավելի անդամներ ունեցող հիշյալ կազմակերպության ստեղծման նպատակների մասին է:
 
- Մանուել, մեր հարցազրույցը սկսենք ապրիլյան պատերազմի վերաբերյալ ձեր հուշերից, ինչպե՞ս սկսվեց պատերազմը, այդ պահին որտե՞ղ էիք:
- Ես եղել եմ առաջնագծում, դիրքի ավագն էի, մեզ մոտ (Հադրութի զորամասի առաջնագծի դիրքերում) պատերազմը սկսվեց առավոտյան 5-6-ի կողմերը, այդ ժամանակվանից արդեն սկսվեցին կրակոցները, ավելի ճիշտ, դրանք ավելի շատացան, սկսեց կրակել նաև հրետանին: Դրանից հետո տեղեկություն ստացանք, որ մեր կողքի զորամասերում արդեն ավելի լուրջ խնդիրներ կան, ասացին, որ պատերազմ է սկսվում: Բայց, միևնույն է, ինչքան էլ ասացին, մենք ինքներս մինչև չտեսանք, չհավատացինք: Մենք այդ ամենն ավելի լավ պատկերացրեցինք, հասկացանք, երբ հրամանատարները մեզանից անընդհատ տեղեկություններ հարցրեցին, և տեսանք, որ ներքևի մեր ընկերներն էլ են արդեն միանում մեզ: Սկսեցինք արդեն ինքնուրույն զբաղվել մեր ինքնապաշտպանությամբ, ինչպես մինչ այդ սովորել էինք, գիտեինք: Այդպես շարունակեցինք պայքարել, մինչև եկան մեր կամավորները, միացան մեզ: Իհարկե, նրանք առաջինը գնացին այն տեղերը, որտեղ վտանգն ավելի մեծ էր ու լուրջ խնդիրներ կային: Կամավորների հետ, միահամուռ ուժերով, ավելի զգոն և ուշադիր, հրամանատարական կազմի հետ ավելի շատ կապ հաստատելով, մենք շարունակեցինք մարտերը:
Տարբեր ծառայողներ տարբեր կերպ արձագանքեցին պատերազմին, շատ կարևոր էր նաև հոգեբանական պատրաստվածությունը, շատ կարևոր, առաջնային էին դիրքի ավագների պատրաստվածությունը և հրամանատարների հրամանները: Այդ առումով վիճակը մեր պաշտպանական շրջանում բավական լավ է եղել, դրա շնորհիվ շատ լավ պաշտպանություն ենք ունեցել: Հակառակորդը չի կարողացել որևէ առաջխաղացում ունենալ, որքան էլ փորձեր է կատարել, միևնույն է, չի ստացվել, որովհետև շատ աչալուրջ և ուշադիր ենք եղել ամեն մի մանրուքի և ամեն մի հրահանգի, հրամանի նկատմամբ:
- Ձեզ մոտ քառօրյա պատերազմի ընթացքում որևէ դիրքային փոփոխություն չեղա՞վ դեպի ետ կամ առաջ:
- Ոչ, դիրքերը ետ կամ առաջ չենք տեղափոխել, բայց մեր ունեցած տարբեր դիրքեր ենք տեղափոխվել, ըստ անհրաժեշտության:
- Թշնամին ձեր ուղղությամբ ի՞նչ զինատեսակներ գործածեց քառօրյա պատերազմի ընթացքում:
- Տարբեր զինատեսակներ: Թեթև զինատեսակներից բացի` ինքնաձիգ, նռնականետ և այլն, գործածեց նաև հրանոթներ: Մեր ուղղությամբ «Գրադ»-ի, համազարկային կրակի այլ ռեակտիվ համակարգերի, մարտավարական հրթիռների օգտագործում չեմ հիշում: Քառօրյայի երկրորդ օրվանից հակառակորդի մեծ քանակության տանկեր ենք տեսել, սակայն դրանք մեր ուղղությամբ չեն օգտագործել, իրենց տեղերում սպասում էին ինչ-որ բանի, բայց այդպես էլ հարձակման հրաման չստացան:
- Իսկ Ադրբեջանի մարտական ուղղաթիռները հարձակվեցի՞ն ձեզ վրա:
- Հեռվում երևացել են, բայց մեր դիրքերի վրա չեն եկել, մեզ չեն հարվածել: Իսկ անօդաչու թռչող սարքեր շատ կային: Պատերազմի սկսվելուց առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ տեսել ենք ու նույնիսկ կրակել ենք դրանց վրա մեր ձեռքի տակ եղած զենքերով` Կալաշնիկովի ինքնաձիգներով, սակայն խփել չի հաջողվել: Բավական բարձր էին թռչում, այդ ԱԹՍ-ները հրթիռներ չէին արձակում, հետախուզական էին: Ի դեպ, պատերազմը շատ է տևել, չորս օր չի տևել, հիմնական գործողություններն են չորս օր տևել: Գրեթե մինչև ապրիլի վերջ ոչ սովորական, լարված իրավիճակ էր: Թշնամին ինքնաձիգներից բացի, օգտագործում էր նաև նռնականետներ, ականանետներ և այլ զինատեսակներ: Քառօրյայից հետո թեև ոչ նախկին ինտենսիվությամբ, նույնիսկ հրանոթներ են օգտագործել:
- Պատասխանե՞լ եք:
- Այո:
- Ինչո՞վ:
- Մեր ականանետներով, նաև` հրանոթներով: Անձամբ ես ուղղություն եմ ցույց տվել իմ գումարտակի հրամանատարին, քանի որ այդ հրանոթներն իրենք էին օգտագործում, և նա խոցել է հակառակորդի ականանետային կրակակետը: 
- Մեր կողմից անօդաչու թռչող սարքեր կիրառվե՞լ են:
- Այո, և՛ քառօրյայի ժամանակ, և՛ դրանից հետո: Կարող եմ ասել նաև, որ օգնում էին մեզ, նաև դրանց շնորհիվ, հրամանատարությունը մեզ տեղեկացնում էր հարձակումների մասին, դիվերսիոն խմբերի մասին, որ այսօր կարող են դիվերսիոն խմբեր լինել:
- Ինչպիսի՞ն էր ձեզ մոտ սննդի վիճակը, մատակարարումը ապրիլյան քառօրյայի ընթացքում:
- Շատ լավ է եղել այդ ժամանակ, որովհետև պայմաններն այնպիսին էին, որ բավականին մեծ քանակությամբ ամեն բան եկավ առաջնագիծ:
- Իսկ զենքով, զինամթերքով ապահովվածության առումով ի՞նչ կարող եք ասել:
- Մեր մարտական դիրքերում, որտեղ մենք էինք կռվում, չենք ունեցել ոչ փամփուշտի խնդիր, ոչ վառելիքի, մենք չափով, ինչպես տրված է եղել, օգտագործել ենք: Ուրիշ տեղերի համար չեմ կարող ասել, տեղյակ չեմ, ասում են, որ պակաս եղել է, բայց ես հաստատ բան չգիտեմ:
- Ի՞նչ է նշանակում` մենք չափով, ինչպես տրված է եղել, օգտագործել ենք: Ի՞նչ չափ էր տրվում, Հասկանալի է սննդամթերքը չափով տալը, բայց պատերազմի դեպքում զինամթերքի ի՞նչ չափ կարող է լինել:
- Տեղեր են եղել է, որտեղ առանց անհրաժեշտության, մեծ քանակության զինամթերք են օգտագործել, դա զինվորների, դիրքի ավագների, հրամանատարների պատրաստվածությունից է կախված:
- Հադրութում ձեր դիրքերը բարձրադի՞ր էին թշնամու դիրքերի համեմատ:
- Տարբեր բարձրության են եղել` և՛ բարձրադիր, և՛ ցածրադիր: Մոտ դիրքեր էլ ենք ունեցել, ամենամոտը մոտ 30 մետր էր հակառակորդի դիրքերից հեռու:
- Իսկ միջդիրքային տարածություններն ականապատվա՞ծ էին:
- Իրենց կողմից` չգիտեմ, բայց մեր կողմից ականապատված էին: Բացի այդ, փշալարերով արգելապատնեշ էլ կար:
- Հակառակորդի հետևակը փորձ արե՞ց գրոհով ճեղքել մեր այդ պաշտպանությունը և գալ առաջ:
- Այո, հենց այն դիրքի դիմաց, որտեղ ես էի, եղել է այդպիսի փորձ: Լուսաբացի կողմ էր, իրենք 30-40 հոգի կլինեին, զինված էին ինքնաձիգներով, սովորական զինվորներ չէին, սև համազգեստներով հատուկ ջոկատայիններ էին, ինչ-որ տեղից ուզում էին ճեղքում անել: Ես դիրքի ավագն էի, այդ պահին դիտարկում էի կատարում, նրանց նկատելուց հետո, անմիջապես զեկուցեցի վերադաս հրամանատարներին, կապվեցին մեր հարևան դիրքերի հետ, ապա կրակ վարեցինք այդ ուղղությամբ, որի արդյունքում հակառակորդը հետ մղվեց: Թերևս կարող էինք սպասել, որ ավելի մոտ գային և օգտագործելով նաև նռնականետներ, ավելի մեծ վնաս պատճառեինք, բայց քանի որ չունեինք բավարար փորձ, պատերազմ չէինք տեսել, դա կարող էր մեզ համար ավելի վտանգավոր լինել: Այսինքն` մի քիչ ռիսկային էր, և որպես այդ դիրքի հրամանատար, եկա այն եզրակացության, որ ավելի լավ է, մենք ավելի շուտ մարտը վարենք: Խփեցինք այն ժամանակ, երբ փորձում էին իրենց դիրքերից դուրս գալ, հեռավորությունը կլիներ մոտ 100 մետր:
- Ինչպե՞ս եք գնահատում հակառակորդի զինվորին` անձամբ նրա դեմ կռված ու նրան ծանոթ լինելով:
- Իրենց զինվորները, ելնելով նրանցից սպանվածների վերաբերյալ մեր ունեցած տեղեկություններից, հիմնականում եղել են վարձու զինյալներ, ոչ թե մեզ նման ժամկետային զինծառայողներ: Ընդհանուր գնահատականս այն է, որ նրանց պատրաստվածությունը մեր զինվորների պատրաստվածության համեմատ շատ ցածր է, որովհետև երբ իրենց ունեցած զենքերն ու զինտեխնիկան համեմատում ենք մերինի հետ, տեսնում ենք առավելությունը, բայց միաժամանակ փաստ է նաև այն, որ նույնիսկ ամենաբարձր ապահովվածությամբ կազմած (մեր մի վաշտի դիմաց իրենց մի գումարտակ) մարտական պլանի համաձայն գործելով, չեն կարողացել իրենց որոշած, ուզած արդյունքին հասնել, նախևառաջ, ճեղքում կատարել: Իրենք կամ շատ վատ են գործել, կամ էլ մենք ենք շատ լավ պաշտպանվել:
- Հասարակական կազմակերպություն հիմնելով, ի՞նչ նպատակ եք հետապնդում:
- Հիմնական նպատակն այն է, որ քառօրյա պատերազմին մասնակցած, հետագայում իրենց ծառայությունն ավարտած ու տուն վերադարձած տղաների ուժն ու փորձը չկորցնենք, իրենք հանկարծ Հայաստանից չհեռանան, չցրվեն, իրենց համախմբենք: Դա նաև հարված կլինի Ադրբեջանին, որն իր վրա արդեն զգացել է քառօրյայի մասնակիցների ուժը, կարողությունները: Իրենք հաստատ ծանր դրության մեջ կընկնեն, երբ որ հասկանան, որ այստեղ` թիկունքում, այն տղաները, որոնք արդեն փորձառու են, լավ պատկերացնում են, թե հակառակորդն ինչպես է ուզում հարձակվել, լավ պատկերացնում են այսօրվա բանակը, պատրաստ են հարկ եղած դեպքում նորից արժանի հակահարված տալ իրենց: Այսօրվա զինվորներն էլ շատ լավ տիրապետում են դիրքերին, որովհետև դիրքերը նրանց տներն են, ինչպես իմ դիրքն է իմ տունն եղել: Նրանք ամենալավն են պատկերացնում, թե ինչի կարիք ունի դիրքը: Ցանկացած մարդ ավելի լավ է տիրապետում իր տանը, քան մնացած մարդիկ:
Մենք ձգտում ենք միավորման, և միավորումը կլինի նաև այցելությունը մեր մարտական ընկերներին, հավաստումը, որ քառօրյայի մասնակից տղերքը համախմբված, մեկ մարդու նման ձեր թիկունքում կանգնած են, եթե հակառակորդը նորից փորձի հարձակվել: Դա նրանց մեծապես կոգևորի նաև, որովհետև երբ մեր կողքին մեզանից մեծերը, կամավորները կանգնեցին, մենք ավելի համարձակ ու քաջ դարձանք: Ուզում ենք, որ մեր կրտսեր եղբայրները նույնպես իմանան, որ իրենց թիկունքին կանգնած են ապրիլյան քառօրյայի փորձառու, կռված տղաները:
Մեր կազմակերպությունը նպատակ ունի նաև համագործակցելով բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրոք պատրաստ են աջակցել, օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրավորված զինծառայողներին, բարձրաձայնել նրանց ու նրանց ընտանիքների սոցիալական և այլ խնդիրների մասին: Պատրաստ ենք այցելել նաև դպրոցներ` հենց այնտեղից մեր ընկերներին, ապագա զինվորներին պատրաստելու համար, որպեսզի նրանք նաև հոգեբանորեն պատրաստ լինեն, որոշներն էլ, իրենց ծնողների հետ, չմտածեն բանակից ազատվելու մասին, դրա փոխարեն, համախմբվենք ու, հարկ եղած դեպքում, պայքարենք հայրենիքի պաշտպանության համար:
Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում` իր զինվորներին ուժեղացնելու, նրանց պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար: Մեր պետությունն այսօր ունի պատրաստված, պատերազմը տեսած, փորձառու զինվորներ, մնում է, որ այդ փորձի հիման վրա մի քայլ արվի` միավորելու այդ տղաներին և թույլ չտալու, որ նրանք երկրից դուրս գան, այն էլ հաճախ` դրսում ոչ մեծ գումարներ վաստակելու համար: Շատ ուժեղ տղերք կան, որոնք շատ լավ կռվել են, բայց հիմա համեստորեն լռում են, նրանց մասին ոչ բարձրաձայնվում է, ոչ խոսվում է, բայց այդ տղերքի ուժը պետք է օգտագործվի: Առաջին քայլը նրանց համախմբելն է, որից հետո պետությունն արդեն կունենա մեծ ձեռքբերում:
 
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից