Գյումրիում հյուրանոցային նոր համալիր և սպասարկման կենտրոններ կկառուցվեն

09-11-2017 16:02:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
Կառավարության որոշմամբ ՀՀ  Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով կտրամադրվի «Բասենի Գովք» ՍՊԸ-ին` տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով:  Հիմնավորման համաձայն,  ՀՀ վարչապետի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման  վայրի կառուցման ներդրումային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է նախկին «Շիրակ» հյուրանոցի և նրան հարող տարածքում կառուցել նոր հյուրանոցային համալիր և սպասարկման կենտրոններ: Ծրագրով նախատեսվում է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 100-150 աշխատատեղերի ստեղծում: Ընկերությունը պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում տարածքը կվերադարձնի: 
Հավանության է արժանացել ՀՀ  2018-2020 թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը (ՏԶԳԾ), որը նպատակաուղղված է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը: Ծրագիրը մշակվել է որպես հետևողական բարեփոխումների տարր՝ հանրապետության ավելի արդյունավետ և հավասարակշռված տարածքային զարգացման համար: ՏԶԳԾ  նախատեսում է տարածքային և տեղական մակարդակի ներդրումների և զարգացման ծրագրերում ներգրավել ու ակտիվացնել տեղական դերակատարներին, առաջին հերթին տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես ծրագրի առաջարկողներ և իրականացնողներ՝ ծրագրերի մրցունակ հայտադիմումների ներքո:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով համայնքների զարգացման ծրագրերին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը:  «Մեկ բան է 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել. այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Եկեք մտածենք, մեր այդ հանձնարարականն ու առաջարկը համայնքներին նորից թարմացնենք: Առաջին՝ դիտարկում անել տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ: Երկրոդ՝ վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Արդյունքում կունենանք աշխատանքային, իրատեսական, թարմ կետեր ներառող աշխատանքային փաստաթուղթ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ  գյուղատնտեսության մեջ ավելի քան 20 տարի օգտագործվող հողամասերը կհաշվառվեն որպես գյուղատնտեսական նշանակության հողեր, իսկ անտառային տնտեսության մեջ օգտագործվող հողերը՝ որպես անտառային հողեր: Արդյունքում կկարգավորվի հողօգտագործումը ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի վարչական տարածքում, կճշտվի համայնքի հողային հաշվեկշիռը, կհստակեցվեն նաև համայնքի կադաստրային քարտեզում առկա անճշտությունները: ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ նման անճշտություններ առկա են նաև այլ համայքներում:   Կարևորելով այդ գործընթաց՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել դրա իրականացման հստակ ժամանակացույց, քանի որ առկա է  բազմաթիվ բազային տվյալների ճշգրտման խնդիր:
 
 
Այլ որոշումներ
 
 
Գործադիրի որոշմամբ Արմեն Կարապետյանը նշանակվել է  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար։
Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Վելբեկ-ԱՄ» ՍՊԸ-ին  «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը: Ընկերությունը նախատեսում է «ՌԱՕ Մարս»  տարածքում ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (data center)։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 7 նոր աշխատատեղ` 150 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում՝ 10-ից ավելի նոր աշխատատեղ: Հինգ տարվա ընթացքում նախատեսվում է, որ արտահանման ծավալները կկազմեն մոտ 5,1 մլն ԱՄՆ դոլար։ 
Գործադիրը որոշել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու: Եվրոպական ներդրումային բանկի  և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է վերակառուցել և արդիականացնել Հայաստանը Վրաստանի հետ կապող շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից