Կդյուրացվի Հայաստանի և Դանիայի միջև վիզային ռեժիմը

09-11-2017 16:00:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Կառավարությունը համաձայնություն է տվել  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:   Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում և Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:   
 
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի» նախագծին: 80 մլն եվրոն տրամադրվում է երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով: Ըստ համաձայնագրի՝ տոկոսադրույքը ֆիքսվող է (այն ֆիքսվում է յուրաքանչյուր տրանշի համար), պարտավորության վճարը կազմում է 0.25 տոկոս՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Միջոցները կուղղվեն Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից