Էլեկտրոնային հսկողություն՝ պրոբացիայի շահառուների նկատմամբ

09-11-2017 15:53:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը սահմանել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը: Այն հնարավորություն կտա լուծելու քրեական վարույթի մինչդատական և դատական քննության, ինչպես նաև պատժի կատարման փուլերում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը: Հիմնավորման համաձայն, որոշ երկրներում էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման հետ կապված ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը, մյուսներում՝ սարքը կրող կասկածյալը, մեղադրյալը կամ դատապարտյալը վճարում է ծառայության համար (մասամբ կամ ամբողջությամբ): Որոշմամբ նախատեսվել է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունները կարող են իրականացվել թե՛ պետբյուջեի, թե՛ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին: Այդ հարցը քննարկելու և որոշելու է դատարանը՝ հաշվի առնելով տվյալ անձի գույքային դրությունը: 
 

 
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
 
 
Նախատեսվում է պարզեցնել էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարությունը
 Գործադիրը հավանություն է տվել ««Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Օրինագծերի փաթեթով առաջարկվում է, մասնավորապես,  հատուցման ոչ ենթակա ծավալը հավասարեցնել տարվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին: Առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արևային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում  հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` վերոհիշյալ 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում: Օրինագծերի ընդունման արդյունքում միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում՝ արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթևացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից: Այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից, կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:
Նախատեսվում է կատարելագործել հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը
Հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել, որ հարկ վճարողները հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 2017 թ. համար նույնպես կարող են կատարել գծային մեթոդով: 
Գործադիրը հավանություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը համապատասխանեցնել առկա միջազգային պահանջներին։ Օրինագծերով նախատեսվում է սահմանել զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց պատկանող գույքի սառեցման պարտականություն, անշարժ գույքի առուվաճառքի  գործարքների մասով համապատասխան շեմից բարձր կանխիկ եղանակով իրականացվող վճարումների սահմանափակում և այլն: 
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից