Լրացուցիչ միջոցներ կուղղվեն սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը

09-11-2017 15:49:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է նվազեցնել որոշ  ծրագրերի ընդհանուր միջոցները և դրանք ուղղել սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը, քանի որ տարեցտարի պահպանվում է դրանց հրատապությունը և փաստացի գերակատարումների մեծ ծավալը։
 


Նախատեսվում է նվազագույնի հասցնել բյուջետային միջոցների հաշվին ցածր արդյունավետությամբ ծրագրերի իրականացումը: Առաջարկվում է նվազեցումների հաշվին «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի ընդհանուր միջոցներն ավելացնել 194,477.6 հազար ՀՀ դրամով, որի շրջանակում մինչև 2017 թ. ավարտը հնարավոր կլինի փոխհատուցել լրացուցիչ 220 սրտի վիրահատություն:  Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ սրտի վիրահատության ծառայությունների գների նվազեցման առումով աշխատանքները շարունակվում են: Ըստ նախարարի՝ նախատեսվում է դեկտեմբերի սկզբներին առաջարկել գնային նոր բանաձև, որը կիրառության մեջ կդրվի հունվարից:  
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է  Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը: Մասնավորապես, որպես արգանդի վզիկի քաղցկեղի համալիր միջոցառումների առաջնային օղակ, կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը՝ նպաստելով կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության և մահացության կրճատմանը: Հիմնավորման համաձայն, Հայաստանում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ներդրումով հնարավորություն կընձեռվի ամբողջական դարձնել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի համալիր կանխարգելիչ միջոցառումները: Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը  (ԳԱՎԻ) հավանություն է տվել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից