Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմին

09-11-2017 15:34:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է իր հրավերով  Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը:
 
Ողջունելով  հյուրերին, նախարար Լոքյանն ընդգծել է  Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի  այցի նշանակությունը, ասել, որ այն  մեծ ոգևորություն է առաջ բերել տեղական ինքնակառավարման համակարգում, ամբողջ  երկրում և նաև նախարարությունում: 
Դ. Լոքյանը կարևորել է այն հանգամանքը, որ եվրոպացի դիվանագետը մասնակցելու է նոյեմբերի 10-ին  Երևանում կայանալիք  Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին, ասել, որ այն հնարավորություն կտա քննարկել ոլորտում առկա խնդիրները: «Կարծում եմ, սա մեզ համար լուրջ խթան է  էլ ավելի ինտենսիվացնելու համայնքային բարեփոխումները մեր երկրում, որոնք իրենց բնույթով բազմաթիվ են և ընդգրկում են տարբեր ուղղություններ»,-ասել է նախարարը: 
Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ասել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում: «Մենք հպարտ ենք այս համաժողովի անցկացումով, հույս ունենք, որ այն ևս մեկ սկիզբ կդառնա տեղական ինքնակառավարման զարգացման համար: Դա լավ մեկնարկ է,  և ոլորտում տարբեր նորարարությունների կամ խորհրդատվության համար դուք միշտ կարող եք դիմել Կոնգրեսին, քանի որ  կառույցի  անդամ 47 երկրի փորձը նույնպես կարող է օգտակար լինել»,-ասել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահը:
Հյուրի խնդրանքով Դ. Լոքյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, իրականացված ծրագրերը և բարեփոխումների հարցում  ընգծել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի դերակատարությունը: «Ձեր օգնությամբ մենք հիմա սկսում ենք համայնքների բարեփոխումների մի նոր փուլ՝ կապված համայնքների բյուջեների ֆիսկալ քաղաքականության,  համայնքներում ֆինանսական համահարթեցման նոր գործիքներ ունենալու հետ կապված: Մենք աշխատելու ենք ունենալ այնպիսի գործելաոճ, որը կապահովի «ավելիին՝ ավելի» սկզբունքը:  Խոշորացման արդյունքում մեր համայնքներն այս տարի 10 տոկոսով ավելի սեփական եկամուտներ են հավաքագրել, ինչը նախորդ տարիների հետ համեմատած բավականին առաջընթաց է համարվում: Մենք պետք է շարունակենք այս գործընթացը, որպեսզի համայնքներն անկախանան իրենց ֆինանսական միջոցներով:  Շատ հստակ մենք ձևակերպել ենք առաջիկա ապակենտրոնացման տրամադրությունները երկրում և   պլանավորել ենք 2018 թվականի  ապրիլից համայնքային ճանապարհների պահպանման, վերակառուցման խնդիրները, անասնաբուժական ծառայությունները և ևս մի քանի լիազորություններ պատվիրակենք համայնքներին, որ իրենք իրականացնեն»,-ասել է Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով, Հայաստանի Կառավարությունը գիտակցում է, որ երկրում զարգացման հիմքը համայնքն է և այս ուղղությամբ լուրջ ուշադրություն կա, այդ նպատակով նաև  ընթացիկ տարվա  դեկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ հանրապետության խոշոր համայնքների ղեկավարների հավաք է տեղի ունենալու, որտեղ քննարկվերու են բոլոր խնդիրները: 
Նախարարը մանրամասնորեն ներկայացրել է 18 խոշորացված համայնքներում իրականացված ծրագրերը, նշել, որ այսօր արդեն նկատելի են ձեռքբերումները: Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն ասել է, որ հետաքրքիր է լսել իրականացված ծրագրերի մասին, հասկանալ, որ դրանք երկարաժամկետ զարգացման գաղափարներ ունեն: «Շատ կարևոր է հենց բնակիչների մոտեցման փոփոխությունը, որպեսզի նրանք հասկանան, որ համայնքների խոշորացման  արդյունքում հավելյալ արժեք են ստանալու: Տարածքային զարգացման համար  նոր լիազորությունների փոխանցումը համայնքներին, կարծում եմ,  հրաշալի  գաղափար է, որպեսզի զարգացման պատասխանատվությունը  նաև համայնքներին փոխանցվի և դա կարևոր է», -ասել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմնը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ  հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Կողմերը վստահություն են հայտնել համագործակցությունը շարունակելու հարցում, ինչը միտված է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումները լիարժեք իրականացնելուն և համայնքներն ուժեղացնելուն: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից